«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այս հաղորդումը պիտի լիներ նոր Սահմանադրության նախագծի մասին․ դա են հուշում շաբաթվա հենց սկզբին այդքան քննարկված նախագծի հրապարակումն ու ծավալված բանավեճերը, ուստի՝ նաև առողջ տրամաբանությունը։ Եվ մենք սրտանց ուզում էինք ձեզ պատմել՝ ինչ է ասում նոր նախագիծը, ինչու, ում ձեռամբ և այլն։ Բայց մեր պլանները փոխվեցին հենց Ձեզ՝ քաղաքացիներիդ հետ զրույցի ընթացքում։ 

«Սահմանադրությունը պե՞տք է փոխվի, թե՞ ոչ»․ առաջին հայացքից ոչ այնքան հեշտ հարցին մեր զրուցակիցները հիմնականում խիստ միանշանակ պատասխան տվեցին։ Ե՛վ այո, և՛ ոչ ասողները խոսում էին նախանձելի համոզվածությամբ։ Եվ միայն մեկ բան կար, որ այս հարցում միավորում էր երկու կողմերին․ պատասխանողներից որևէ մեկը չէր կարդացել այն տեքստը, որի մասին կարծիք էր հայտնում։ 

Ինչո՞ւ այսպես ստացվեց, որտեղից է ծնվում արտահայտությունը՝ «ես կարծում եմ», համոզվա՞ծ եք, որ դա իսկապես ձեր կարծիքն է․ այս էպիզոդը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ կարծրատիպերի ու մարդկանց պատկերացումների շերտերի մասին է։ 

***

– Սահմանադրության տեքստը կարդացել ե՞ք։

– Դեմ եմ։ Տեքստը չեմ կարդացել, բայց ես չեմ պատկերացնում, որ իրենք կարող են լավ բան հորինեն։ 

– Առանց կարդալո՞ւ եք դեմ։ 

– Այո, իրենց ամեն ինչին դեմ եմ, առանց կարդալու, առանց քննարկելու։

««Այո՛», կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը։ Պատկերացնենք՝ 70 տոկոսի հետ համաձայն է, 30 տոկոսի հետ համաձայն չէ․ ոչինչ չի խանգարում անձին այդ անհամաձայնություններն արտահայտել, և հետևանքը հետևյալն է․ կա՛մ պետք է իր անհամաձայնությունները փարատվեն մեր պարզաբանումների միջոցով, կա՛մ պետք է տեքստը ենթարկել փոփոխությունների»,- ասում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ի՞նչն է դրդում մարդկանց կազմել կարծիք, որը հիմնված չէ փաստի կամ գիտելիքի վրա․ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի դիտարկմամբ՝ շերտերից մեկը պատկանելիության զգացումն է։ Մարդիկ իրենց ընկալում են որպես իշխանությանը կամ ընդդիմությանը սատարող խմբի ներկայացուցիչ։

«Շատ հետաքրքիր է, որ վերջերս ես Եվրոպական միության անդամագրման հետ կապված մի քանի հարցազրույցներում հայտնում եմ իմ անձնական կարծիքը, որը չի համընկնում ո՛չ նրա, ո՛չ նրա հետ, ու չեք պատկերացնի մեկնաբանություններում՝ ինչ կարծիքներ կան։ Կա տարակուսանք։ Ասում է՝ այս մարդն էլ ծախվեց, այս մարդու հետ ի՞նչ եղավ։ Այսինքն՝ երբ դու հայտնում ես կարծիք, որը չի համընկնում այս կամ մյուս թևի կարծիքի հետ, դա համարվում է սխալ դիրքորոշում, սխալ մոտեցում»,- ասում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

Հասարակության բևեռացվածության պայմաններում ինչ տեղի կունենա, եթե, պայմանական, իշխանության կողմնակիցն ասի՝ այս տեքստը, կարծես, այնքան էլ լավը չէ, կամ, օրինակ, ընդդիմադիր կողմին սատարողն ասի՝ տեքստում, կարծես, դրական կետեր կան։ Սա ընկալվում է որպես հրաժարում խմբից, որին պատկանում էիր, ճամբարափոխություն, պաթոս ավելացնելու դեպքում՝ անգամ դավաճանություն։ Ըստ մեր զրուցակցի՝ խնդրի արմատները պետք է անցյալում փնտրենք։

«Խորհրդային հասարակությունում կարծիք ունենալը համարվում էր դատապարտելի, որովհետև դա գաղափարախոսականացված հասարակություն էր, որտեղ կարծիք կարող էին ունենալ միայն կուսակցությունը և կուսակցական վերնախավը, մնացած մարդիկ պետք է պարզապես կրկնեին և տիրաժավորեին այդ կարծիքը։ Բայց հետաքրքիր է նրանով, որ եթե խորհրդային շրջանում կար մի կարծիք ունեցող և պաշտոնապես դա համարվում էր այն դրականը և միակ ընդունելին, այսօր կոնկրետ մեր էս իրավիճակում կա 2 կարծիք ունեցող, և պարզվում է, որ իրենք կա՛մ վերարտադրում են դիմության դիրքորոշումը, կա՛մ՝ ընդդիմության»,– ասում է նա։

***

– Չեմ կարդացել ճիշտն ասած։

– Բայց պատրաստվո՞ւմ եք, եթե ընտրություն լինի, մասնակցել։

– Այո, այո, բայց պիտի իմանամ՝ ինչ փոփոխություն կա։

– Ճիշտն ասած՝ ես լրիվ չեմ կարդացել, որ պատասխանեմ ձեր հարցին։ 

Երևանում անցկացված մեր հարցումների ընթացքում այս մարդիկ բացառություն էին։ Նրանք կարողացան ասել՝ «չգիտեմ»։ Ավելի լավ է վարվել այսպե՞ս, թե՞ հայտնել կարծիք մի բանի մասին, ինչից գաղափար չունես։

«Այստեղ էլի հետսովետական հայի և ընդհանրապես մարդու ֆենոմենն է։ Ասում է` պետք է տակից մի կերպ դուրս գաս։ Շատ ազդված է, այսպես կոչված, ազգային, բանտային ենթամշակույթից, որը մեր հասարակություն ներթափանցել է խորհրդային տարիներին` 1950-ական թվականներին։ Այդ մտածողության համաձայն՝ խոստովանել, որ դու չգիտես կամ դու սխալ ես, համարվում է ծաղրանքի ենթակա և ստատուսի անկում է ենթադրում։ Մարդիկ մի տեսակ արժանապատվության հարց են համարում, որ իրենք պետք է անպայման ունենան կարծիք և չպետք է ասեն` ես չգիտեմ»,- ասում է Աղասի Թադևոսյանը։

Մենք փորձեցինք հարցնել նաև այն մարդկանց կարծիքը, որոնց չենք տեսնում փողոցում․ մեր յութուբյան էջում քվեարկածների 68 տոկոսն ասում է, որ պատրաստվում է կարդալ նոր Սահմանադրության նախագիծը։ Եթե նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա կիրակի դրվի հանրաքվեի, ինչպե՞ս կքվեարկեք հարցին «կողմ» պատասխանն է տվել 55 տոկոսը, դեմ՝ 38 տոկոսը և միայն 8 տոկոսն է, որ դեռ չի կողմնորոշվել։ 

Այնուամենայնիվ, հակիրճ՝ մի քանի փոփոխության մասին։ 

Նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագիծը բաղկացած է 89 հոդվածից և 12 գլխից։ Գործող Սահմանադրությունը բաղկացած է 220 հոդվածից և 16 գլխից։ Նախագծում հանված են գործող Սահմանադրության 10 դրույթ, ավելացված է 7 նոր դրույթ։ Ամենաքննարկված փոփոխությունը՝ Նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղման բացակայությունն է։ Բացակայում է նաև խորհրդանիշերի նկարագիրը, ուստի նախագծում «Արարատ լեռ»-ն այլևս չկա։

Կատարվել են այլ փոփոխություններ ևս, օրինակ՝ նախատեսվում է դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորություն՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Ընտրելու իրավունքից զրկվում են այն մարդիկ, որոնք ընտրությանը նախորդող երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարի չեն բնակվել Հայաստանում, իրավական վիճակը վատթարացնող օրենքները նոր նախագծով կարող են ունենալ հետադարձ ուժ, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար։

Փոփոխությունները շատ են, ամենն իմանալու համար անհրաժեշտ է կարդալ 12,659 բառից բաղկացած նախագիծը։

***

Մշակութային մարդաբանն առանձնացնում է կարծիք կազմելու մշակույթում առկա խնդրի մեկ այլ շերտ․ մեր օրերում մարդիկ, կարծես, ավելի հանգիստ են հայտնում կարծիք ու խուսափում դրա համար պատասխանատվություն կրելուց։

«Ընդհանրապես, գիտուն մարդը (ես չեմ ասում` գիտնական, հատուկ ԲՈՒՀ ավարտած և այլն, որովհետև տգետների մեջ շատ կան նաև բուհական կրթություն ստացածներ) տարբերվում է տգետից նրանով, որ ինքն իր կարծիքը ձևավորում է փաստերի վրա, տվյալների վրա, տգետը նա է, որ կա՛մ իր ենթադրությունների վրա է կառուցում, կա՛մ այլոց ենթադրությունների, և այստեղ նաև շատ կարևոր է սեփական կարծիքի և գիտելիքի հանդեպ պատասխանատվության աստիճանը։ Ընդհանրապես գիտուն մարդիկ ունեն պատասխանատվության աստիճան իրենց արտահայտած խոսքի հանդեպ, իսկ տգետները չունեն»,– ասում է Թադևոսյանը։

Մենք չենք պնդում, որ մեր զրուցակիցները չեն կարող հիմնավորել իրենց խոսքը։ Նրանք, գուցե, իսկապես հավատացած են, որ նախագիծն առաջարկողներին կողմ են կամ դեմ։ Բայց մեր հարցն առաջարկողների մասին չէր։ 

Այս քննարկումները բոլոր կողմերի համար հրաշալի առիթ են՝ փաստարկներով տապալելու հակառակ կողմին, մեծացնելու իրենց ու իրենց ներկայացրած խմբի նկատմամբ վստահությունը։

Կարելի էր ենթադրել, որ դա պիտի անեին քաղաքական գործիչները։ Բայց այստեղ էլ առաջանում է խնդրի մեկ այլ շերտ․ ինչո՞ւ անեն դա, եթե քաղաքացիներն իրենց կարծիքը ձևավորելու համար անգամ հրապարակված տեքստը կարդալու կարիքը չեն զգում։ 

Բոլոր դեպքերում՝ մենք ունենք կարծիք հայտնելու ազատություն։ Համենայն դեպս այն կարծիքը, որը չի սահմանափակվում Սահմանդրությամբ ու օրենքներով։ Նոր նախագծի հրապարակումից ընդունում ընկած ժամանակահատվածը նրա համար է, որ մենք ձևավորենք այդ կարծիքը: Այստեղ առաջին հարցը դառնում է այն, թե ինչպե՞ս ենք մենք դա անում։ 

Գործող Սահմանադրություն․ Հոդված 42. Կետ 1

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:

Նոր Սահմանադրության նախագիծ․ Հոդված 20․ կետ 17 

Յուրաքանչյուր ոք կարող է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ձևավորել իր կարծիքը: Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը՝ ցանկացած ձևով և հաղորդակցության միջոցով, առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյանv