Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
Քաղաքականություն
27.11.2026 | 12:34
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը, գրում է Meduza-ն։
Բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքի պատուհանները, հրդեհ է բռնկվել երկու մասնավոր տներում։
Լենինգրադի մարզում անօդաչուների հարձակման ժամանակ փակվել է Լադոժսկի կամուրջը։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ կամրջից «գործել են շարժական կրակային խմբերը»։ Դրոզդենկոյի տվյալներով՝ գիշերվա ընթացքում Լենինգրադի մարզի երկնքում խոցվել է 45 անօդաչու թռչող սարք։
«Бумага»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչները հայտնել են պայթյունների մասին քաղաքի տարբեր շրջաններում՝ Կենտրոնական, Պետրոգրադյան, Վասիլեոստրովսկի, Պրիմորսկի, Վիբորգի, Կալինինյան, Կրասնոգվարդեյսկի և Նևսկի։ Վնասվել է «Շուվալովսկի» բնակելի համալիրի վերին հարկերից մեկը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ «Պուլկովո» օդանավակայանում չվերթների սահմանափակումներ են գրանցվել։
Տուլայի մարզում, Astra-ի և ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքների տվյալներով, պայթյուններ են որոտացել Եֆրեմով քաղաքի սինթետիկ կաուչուկի գործարանի տարածքում։
Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնաս չի արձանագրվել, սակայն մի քանի տների պատուհանների ապակիները կոտրվել են։
Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանի արտադրանքն օգտագործվում է հրթիռային վառելիքի արտադրության մեջ։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի երկնքում խոցվել է ուկրաինական 318 անօդաչու թռչող սարք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

