«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.11.2026 | 13:08ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել փոխանցել համացանցից տպված Սահմանադրության նոր նախագծի տեքստը։
«Երկու օր առաջ էի կալանավայրում տեսակցության հորս մոտ․.. պետք է Սահմանադրության համացանցից տպված տարբերակը փոխանցվեր որպես հանձնուք: Իրեն էլ հանդիպման ընթացքում ասեցի, որ ճանապարհին է, հեսա կլինի… Հետո երբ որ դուրս եկա, տղաները այնտեղ դրսում ասեցին՝ չեն վերցրել: Անկեղծ ասած, չգիտեմ պատճառաբանությունը որն է… արհեստական խոչընդոտներ են ստեղծում, կարծես, փորձում են այսպես կյանքը ավելի դժվար դարձնել այնտեղ՝ մտածելով, միգուցե սա էլ ինչ-որ ճնշման ձև է»,- ասաց Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ նման սահմանափակումներով իշխանությունները փորձում են ճնշում գործադրել Ռոբերտ Քոչարյանի վրա՝ Սահմանադրության ընդունման գործընթացի համատեքստում։
«Երևի մտածում են, որ սրանով Քոչարյանը կարող է այնտեղից զանգի, ասի՝ «վեց ձայնը տվե՛ք էլի»․ եթե էսպես պրիմիտիվ ձևով են մտածում, դա ոչ մի արդյունք չի ունենալու»,- նշեց պատգամավորը։
Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև խմբակցության պատգամավորների՝ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու հնարավորության սահմանափակմանը՝ հայտնելով, որ պատգամավորներից տեսակցություն թույլատրվել է միայն խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։
«Ռոբերտ Քոչարյանը շատ ակտիվ ներգրավված էր խմբակցության աշխատանքների մեջ, և այս պահին միայն թույլատրվել է տեսակցությունը խմբակցության ղեկավարին: Մնացածի մասով չկա էդ հնարավորությունը, և սա էլ չունի ոչ մի պատճառաբանություն»,- ասաց նա։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության գործընթացին՝ Լևոն Քոչարյանը նաև պնդեց, որ այն պայմանավորված է Ադրբեջանի պահանջներով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս կապելով այդ գործընթացի հետ։
«Ի սկզբանե ամեն ինչ հիմարություն է, ի սկզբանե ամեն ինչ աբսուրդ է… Ալիևը փորձում է այստեղ ունենալ իր սահմանադրությունը, էդ ճանապարհին կան խոչընդոտներ, Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ փորձում է Ալիևի համար էդ խոչընդոտները հարթել։ Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

