Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
Հասարակություն
25.11.2026 | 12:00
Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 20-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ Կոտայքի մարզպետարանի և երեք ֆիզիկական անձանց դեմ։ Գործը վերաբերում է 2007 թվականի մայիսի 26-ին անցկացված հողերի աճուրդներին և դրանց հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրերին։ Գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության պատճառով դատարանը որոշել է երեք անձից հօգուտ պետության բռնագանձել ընդհանուր 356 մլն 952 հազար դրամ։ Գումարը կբռնագանձվի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և 3 ֆիզիկական անձանց՝ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի նոյեմբերի 20-ի վճռով բավարարվել է:
Գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ որպես 2007 թվականի մայիսի 26-ի թիվ 16, 18 և 19 լոտի աճուրդների և դրանց հիման կնքված առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանք՝ Ս.Գ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 117 միլիոն 58 հազար դրամ, Մ.Մ.-ից կբռնագանձվի 84 միլիոն 421 հազար դրամ, իսկ Ա.Ա.-ից՝ 155 միլիոն 472 հազար դրամ։
Այսպիսով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 356 միլիոն 952 հազար դրամ։
Հիշեցնենք՝ Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին կազմակերպված թիվ 16, 18 և 19 լոտերի աճուրդներին անդրադարձ է կատարվել նաև Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի հունվարի 29-ի որոշմամբ։ Դատական ակտում նշված են Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Մարտուն Սարգսի Մաթևոսյանի և Անահիտ Օնիկի Առաքելյանի անունները։ Թերևս, հենց այս անձանց մասին է խոսքը Գլխավոր դատախազության նոր հաղորդագրությունում՝ Ս.Գ., Մ.Մ. և Ա.Ա. սկզբնատառերով։ Սակայն դատախազությունը նրանց ամբողջական անունները չի հրապարակել, իսկ նոյեմբերի 20-ի վճռով նույնականացումը դեռ վերջնականապես հաստատված չէ։

