Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
Քաղաքականություն
25.11.2026 | 12:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին հայտնել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվար։ Միաժամանակ, նա քննադատել է Կոնգրեսի դեմոկրատներին, որոնք սպառնում են դադարեցնել հակամարտությունը։ Թրամփի խոսքով՝ այդ քայլը «լիակատար հաղթանակը» կարող է վերածել «պարտության»։
Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տված բացառիկ հարցազրույցում Թրամփը խոստովանել է, որ հունվարին, երբ դեմոկրատները վերահսկողություն ստանան Կոնգրեսի նկատմամբ, իր ռազմական հնարավորությունները կարող են սահմանափակվել։ Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ ընդդիմադիր կուսակցությունը չի փորձի, իր բնորոշմամբ, «վաղաժամ ավարտել հակամարտությունը»։
«Նրանք լիակատար հաղթանակը կվերածեն պարտության։ Նայեք՝ նրանց նավատորմը ոչնչացված է, ռազմաօդային ուժերը՝ ոչնչացված, հակաօդային պաշտպանությունը՝ նույնպես։ Նրանց ղեկավարներն էլ վերացված են։ Եթե դեմոկրատներն այդպես վարվեն, պարզապես հաղթանակը կվերածեն պարտության»,- պնդել է Թրամփը։
«Չգիտեմ՝ քաղաքական առումով ինչպես կարող են դա անել, քանի որ մենք հաղթել ենք։ Մենք կարող ենք ցանկացած պահի ավարտել այդ պատերազմը, երբ ցանկանանք»,- հավելել է նա։
Հարցին՝ արդյո՞ք ազատորեն հարվածներ հասցնելու իր հնարավորությունների ժամկետը սահմանափակվում է, Թրամփը պատասխանել է․ «Դժվարանում եմ հավատալ, որ նրանք հաղթանակը կվերածեն պարտության, քանի որ հենց դա էլ տեղի կունենա։ Այո՛, բայց մինչև հունվարի վերջ, ըստ էության, մենք ֆինանսավորում ունենք»։
Թրամփն Իրանի պատերազմը սկսել է փետրվարին՝ սկզբում կանխատեսելով, որ այն կտևի «մոտ չորս շաբաթ»։ Սակայն Թեհրանի հետ բանակցությունների ձախողումից հետո ապրիլին հրադադար հաստատվեց, իսկ հունիսին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Դրանից մի քանի շաբաթ անց համաձայնությունը փլուզվեց, երբ Իրանը հարձակվեց առևտրային նավերի վրա։
Իսրայելը կողմ է պատերազմի ավարտին՝ Իրանում իշխանափոխության միջոցով։ Մինչ այս, Թրամփն այս ամիս հայտարարել էր, որ պատերազմը ռազմական առումով արդեն «ըստ էության ավարտված է»։ Միևնույն ժամանակ, նա մտադիր է պահպանել Իրանի նավահանգիստների շրջափակումը՝ Թեհրանին միջուկային համաձայնագիր կնքելուն հարկադրելու նպատակով։
Թրամփի խոսքով՝ Իսրայելի նպատակը՝ վերջ դնել Իսլամական Հանրապետությանը, «հավանաբար, իրագործելի է», սակայն դա իր նպատակը չէ։
«Ես պարզապես չեմ ցանկանում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Ես երբեք կողմ կամ դեմ չեմ եղել իշխանափոխությանը․ դա երբեք իմ չափանիշը չի եղել»,- ասել է նա։
Թրամփն անդրադարձել է նաև Իրանի հայտարարությանը, թե պատրաստվում է ԱՄՆ-ից փոխհատուցում պահանջել դպրոցի վրա ավիահարվածի համար, որի հետևանքով տասնյակ աշակերտներ և ուսուցիչներ են զոհվել։
«Ես եմ ուզում փոխհատուցում ստանալ այն մարդկանց համար, որոնց նրանք սպանել են։ Նրանց թիվը շատ ավելի մեծ է։ Նախ՝ վերջին յոթ ամիսների ընթացքում նրանք սպանել են 75 հազար ցուցարարի։ Բացի այդ, նրանք տարիներ շարունակ սպանել են մեր մարդկանց»,- պատասխանել է Թրամփը։
USS Cole նավի վրա հարձակման հետ կապված Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների շրջանում հարյուրավոր զոհերի համար պատասխանատու է Իրանը։
«Նրանք սպանել են հարյուրավոր ամերիկացիների։ Եթե ցանկանում են փոխհատուցումների հարց բարձրացնել, ապա մենք կհաղթենք։ Այս պատերազմը սկսվել է 1979 թվականին։ Ես չեմ սկսել այն, բայց միակ նախագահն էի, որը պատրաստ էր գնալ և գործել։ Այս պատերազմը սկսվել է 1979 թվականին։ Դա վաղուց էր»,- հավելել է Թրամփը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

