«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
Հասարակություն
24.11.2026 | 18:26
«Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալից ատամնաբույժը, ըստ Քրեակատարողական ծառայության ստացած օպերատիվ տեղեկությունների, ատամները բուժելու դիմաց պահանջել է ատամնաբուժական լուսապոլիմերիզացնող սարք։
Քրեակատարողական ծառայության հաղորդագրությունը՝ ստորև․
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ատամնաբույժը «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալից ծառայություն մատուցելու՝ ատամները բուժելու դիմաց պահանջել է ատամնաբուժական լուսապոլիմերիզացնող սարք, որն էլ հետագայում ձեռք է բերվել դատապարտյալի հարազատի միջոցով և հանձնուքի տեսքով ուղարկվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ ատամնաբույժին փոխանցելու նպատակով։
ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազին։

