Ռումինիան իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի ԵՄ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.11.2026 | 17:17Բուխարեստում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել հայտարարություններով՝ անդրադառնալով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատմանը, տնտեսական համագործակցության նոր հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանը։
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունները բարձրացվել են նոր մակարդակի՝ առանձնահատուկ կարևորություն տալով ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրմանը։
«Ասվածի վկայությունն է քիչ առաջ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը: Խորհրդանշական է, որ այդ ձեռքբերումն արձանագրում ենք հենց այս տարի, երբ լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը և հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումներին՝ Փաշինյանն ընդգծեց Ռումինիայի նավահանգիստների նշանակությունը՝ դեպի եվրոպական շուկա դուրս գալու տեսանկյունից։
«Վերջին ամիսներին, երբ Հայաստանը բախվել է ավանդական շուկաներ մեր արտադրանքի սահմանափակումների հետ, Ռումինիան ոչ միայն շատ կարևոր նոր հնարավորություն, այլև իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի Եվրոպական միություն»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության, կիբերանվտանգության, վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։
Փաշինյանն անդրադարձավ նաև Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո տարածաշրջանում բացվող հնարավորություններին՝ ընդգծելով «ԹՐԻՓՓ» և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի կարևորությունը։
«Կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկի» կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել անվտանգ գլոբալ առևտրային երթուղի Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա»,- ասաց վարչապետը։
Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանն անդրադարձավ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը և այդ գործընթացում Ռումինիայի քաղաքական աջակցության կարևորությանը։
«Ակնկալում ենք, որ կարող ենք ապավինել Ռումինիայի աներկբա քաղաքական աջակցության շարունակականությանը դեպի եվրոպական ընտանիք տանող ճանապարհին»,- եզրափակեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

