TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.11.2026 | 15:00Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադարձավ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման հեռանկարներին, ԱՄՆ ներքաղաքական զարգացումների ազդեցությանը ծրագրի վրա, ինչպես նաև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությանը։
Անդրադառնալով TRIPP-ի հնարավոր դադարեցման պարագայում սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ Մինասյանը չբացառեց, որ այն կարող է առնչվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։ Նրա գնահատմամբ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է առավել իրատեսական դառնալ։
«Իմ մոտ այն անպատասխանատու տպավորությունը կա, որ ավելի շատ և ավելի իրատեսական կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշեց քաղաքագետը։
Մինասյանն ընդգծեց, որ ներքաղաքական զարգացումներն այն ոլորտն են, որտեղ Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները կարող են իրական ազդեցություն ունենալ, մինչդեռ արտաքին քաղաքական գործընթացների վրա ազդելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են։
Անդրադառնալով TRIPP-ի իրականացման հեռանկարներին՝ քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանում հաճախ չեն դիտարկվում նախագծի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան հետ անմիջականորեն կապված լինելու հանգամանքն ու դրանից բխող հնարավոր ռիսկերը։
«TRIPP-ի հետ կապված կա մի լուրջ խնդիր, որը որ շատ հաճախ Հայաստանում պարզապես չի դիտարկվում՝ այդ սիմվոլիկ նշանակությունը կամ վտանգը… դա քաղաքական, աշխարհաքաղաքական և կոմունիկացիոն գործընթաց է, որը անմիջապես կապված է նախագահ Թրամփի անվան հետ»,- ասաց Մինասյանը։
Նա հավելեց, որ ԱՄՆ ներքաղաքական նոր իրողությունների պայմաններում հարցեր են առաջանում նախագծի հետագա գործունեության վերաբերյալ։ Միացյալ Նահանգների սահմանադրական և ներքաղաքական առանձնահատկությունները կարող են որոշակի սահմանափակումներ առաջացնել, որոնց վրա Հայաստանն անմիջականորեն ազդել չի կարող։
Խոսելով նախագծի նկատմամբ Իրանի դիրքորոշման մասին՝ Մինասյանը կարևորեց գործընկերների հետ դիվանագիտական աշխատանքի շարունակությունը՝ ընդգծելով, որ Իրանի մոտեցումները պայմանավորված չեն միայն Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններով։
«Իրանի մոտեցումները այս հարցի շուրջ ավելի լայն են, քան երկկողմ հայ-իրանական հարաբերությունները, և նրանք պայմանավորված են և՛ տարածաշրջանային համատեքստով, և՛ ռազմավարական, ռազմաքաղաքական համատեքստով, օրինակ՝ Միացյալ Նահանգներ-Իրան շարունակվող ռազմական գործողություններով»,- ասաց քաղաքագետը։
Մինասյանն անդրադարձավ նաև Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով, որ, չնայած առկա խնդիրներին, երկրում մեծամասամբ բաց և ժողովրդավարական քաղաքական գործընթաց է ընթանում։ Նա նշեց, որ այս առումով Հայաստանում ձևավորված իրավիճակը զգալիորեն տարբերվում է ինչպես հետխորհրդային տարածքի, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի իրողություններից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

