Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
Քաղաքականություն
23.11.2026 | 13:13
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է TRIPP նախագծին, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։
«Մենք չենք բավարարվելու միայն այլոց խոստումներով և համաձայնություններով։ Իհարկե, այս հարցը միայն Արտաքին գործերի նախարարությանը չի վերաբերում և ինքնիշխանության հարց է. այլ գերատեսչություններ նույնպես ուշադիր հետևում են դրան և միջոցներ կձեռնարկեն, եթե որևէ խնդիր լինի»,- ասել է նա։
Բաղային նշել է, որ Թեհրանի դիրքորոշումը չի փոխվել։
«Մեր սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել, և մենք աջակցում ենք տնտեսական փոխգործակցությունների ընդլայնմանը, սակայն հարևան երկրների շահերն ու նկատառումները պետք է հարգվեն, աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն չպետք է լինի, ոչ մի երրորդ կողմի չպետք է թույլ տալ խաթարել տարածաշրջանի անվտանգությունը։ Մենք շատ հստակ ձևակերպել ենք խնդիրները, և թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը գիտակցում են երկու երկրների միջև երկարատև հարաբերությունների կարևորությունը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Նա ասել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր մինչ օրս հաստատված լավ հարաբերությունները ձևավորվել են փոխադարձ հարգանքի և երկու երկրների ղեկավարների իմաստության շնորհիվ և ստեղծել են այս վստահությունը։
«Ընդգծվել է, որ Իրանի սահմանների հարևանությամբ ռազմական կամ անվտանգության ուժերի ցանկացած ներկայություն անընդունելի է, և հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները։ Երկու երկրների միջև լավ վստահություն կա, սակայն մենք երրորդ կողմերին չենք վստահում»,- ասել է իրանցի դիվանագետը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

