Նոր Սահմանադրության նախագծում փոխվել է Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մեկ ձևակերպում
Քաղաքականություն
23.11.2026 | 12:07
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով պահպանվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության ճանաչումը։ Միաժամանակ փոփոխվում է պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների կարգավորմանը վերաբերող դրույթը։ Եթե գործող Սահմանադրությամբ սահմանվում է, որ այդ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով», ապա նոր նախագծով առաջարկվում է ամրագրել, որ դրանք «կարգավորվում են օրենքով»։ Նախագծում պահպանվել է նաև կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատված լինելու սկզբունքը։
Նոր Սահմանադրության նախագծի 14-րդ և 15-րդ հոդվածները՝ ստորև․
«Հոդված 14. Պետությունը և կրոնական կազմակերպությունները
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։
Հոդված 15. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով»:
Ի՞նչ է փոխվել գործող Սահմանադրության համեմատ
Գործող Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները նոր նախագծում դարձել են համապատասխանաբար 14-րդ և 15-րդ հոդվածներ։
| Գործող Սահմանադրություն | Նոր նախագիծ |
|---|---|
| Հոդված 17․ Պետությունը և կրոնական կազմակերպությունները | Հոդված 14․ Նույն վերնագիրը |
| Կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը երաշխավորվում է | Դրույթը պահպանվել է |
| Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից | Դրույթը պահպանվել է |
| Հոդված 18․ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին | Հոդված 15․ Նույն վերնագիրը |
| Պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը | Դրույթը պահպանվել է բառացիորեն |
| Եկեղեցու և պետության հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով» | Եկեղեցու և պետության հարաբերությունները «կարգավորվում են օրենքով» |
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Ազգային անվտանգության ռազմավարությունը ներկայացնելիս հայկական ազգային արժեքների շարքում հիշատակել էր Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները։
Նոր Սահմանադրության մշակման ընթացքում պետություն–եկեղեցի հարաբերությունների հնարավոր վերանայման հարցին անդրադարձել էին նաև իշխանության ներկայացուցիչները՝ հնչեցնելով տարբեր դիրքորոշումներ։ Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ չէր բացառել Սահմանադրությամբ այդ հարաբերությունների վերանայումը, այդ թվում՝ եկեղեցու գործունեության թափանցիկության ապահովման նպատակով պետության մասնակցության հնարավորությունը։ Մինչդեռ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեռ հունիսին հայտարարել էր, որ պետություն–եկեղեցի հարաբերությունները վերանայելու հարց չի քննարկվում։ Սեպտեմբերի 16-ին էլ նախարարը վերահաստատել էր, որ Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները նոր Սահմանադրության նախագծում պահպանվել են։
Անահիտ Խաչատրյան

