Սահմանադրության նախագիծը սահմանում է անձին քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմ
Հասարակություն
23.11.2026 | 13:22
Նոր Սահմանադրության նախագծով պետությունը դատարանի որոշմամբ անձին կարող է զրկել քաղաքացիությունից։ Մասնավորապես՝ նախագծի 24-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ է թույլատրվում է անձին քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Գործող Սահմանադրության տեքստը, սակայն, պետությանը հնարավորություն չի տալիս նման հանցագործության համար անձին քաղաքացիությունից զրկելու։
Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից։
Նույն հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:
«Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ կամ սխալ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 10 տարի.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:
Այսինքն՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված չէ անձին սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար քաղաքացիությունից զրկելու իրավունք։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականին միացել է «Ապաքաղաքականության մասին» կոնվենցիային, որի 1-ին կետի համաձայն՝ ոչ մի Պայմանավորվող պետություն որևէ անձի չի զրկում իր քաղաքացիությունից, եթե զրկելն այդ անձին կդարձներ քաղաքացիություն չունեցող անձ։
Այս դրույթից բացառություն նախատեսվում է այն դեպքում, երբ անձը քաղաքացիությունը ձեռք է բերվել սխալ տեղեկություններ հայտնելու կամ խաբեության հետևանքով։
Նույն հոդվածով սահմանվում է նաև, որ չնայած հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է պահպանել ցանկացած անձի՝ իր քաղաքացիությունից զրկելու իրավունքը, եթե ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ նշում է, որ պահպանում է նման իրավունքը հետևյալ մեկ կամ ավելի հիմքերով, որոնք այդ ժամանակ նախատեսված են իր ներպետական օրենսդրությամբ.
(ա) որ, տվյալ Պայմանավորվող պետության նկատմամբ լոյալության իր պարտականությանն անհամապատասխան, այդ անձը՝
(i) անտեսելով այդ Պայմանավորվող պետության կողմից ուղղակի արգելքը՝ ծառայություններ է մատուցել կամ շարունակում է մատուցել այլ պետության, կամ վարձատրություն է ստացել կամ շարունակում է ստանալ այլ պետությունից, կամ
(ii) իր վարքագծով լրջորեն խոչընդոտում է այդ պետության կենսական շահերին,
(բ) որ տվյալ անձը հավատարմության երդում է տվել կամ հավատարմության պաշտոնական հայտարարություն է արել այլ պետության կամ որոշակի ապացույց է տվել այդ Պայմանավորվող պետության նկատմամբ հավատարմությունից հրաժարվելու իր մտադրության մասին։
4. Ոչ մի Պայմանավորվող պետություն չի իրականացնում սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն թույլատրվող՝ քաղաքացիությունից զրկելու իրավասությունն այլ կերպ, քան օրենքին համապատասխան, որը նախատեսում է շահագրգիռ անձի՝ դատարանում կամ այլ անկախ մարմնում իր գործի արդար քննության իրավունք։
Նշենք, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում ևս, որոնց շարքում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Բելգիան ևս նախատեսում են պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում անձին քաղաքացիությունից զրկելու ընթացակարգեր։
Արաքս Մամուլյան

