Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Քաղաքականություն
20.11.2026 | 22:47
Թուրքիայի արտադրության Bayraktar Kızılelma անօդաչու կործանիչը ներառվել է թուրքական բանակի զինանոցում։ Այս մասին նախօրեին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հավատում եմ, որ մեր փառապանծ բանակը Bayraktar Kızılelma-ի միջոցով մեկը մյուսի հետևից հաղթանակներ կտանի։ Հուսով եմ՝ այս հպարտ իրադարձությունը մեծ հաջողություններ կբերի։ Այսօր պատմական օր է, երբ մեծ երազանքն իրականություն է դարձել»,- գրել է Էրդողանը սոցիալական ցանցերում։
Անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Բայքար» ընկերությունը հայտնել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերին է հանձնել Kızılelma երեք առաջին կործանիչները՝ առաջին թռիչքից գրեթե չորս տարի անց։ Հայտարարության մեջ «Բայքարը» Bayraktar Kızılelma-ն ներկայացրել է որպես աշխարհում առաջին անօդաչու կործանիչը, որն անցել է զինվորական ծառայության։
«Այսօր մեր ժողովրդին ենք հանձնում այն երազանքը, որի իրագործմանն ուղղված աշխատանքները սկսել էինք 20 տարի առաջ»,- հայտարարել է ընկերությունը։
Kızılelma-ն նախատեսված է օդային մարտերի և ցամաքային թիրախներին հարվածելու համար։ Ընկերությունն աշխատում է նաև այն կարճ թռիչքուղի ունեցող նավերից շահագործելու հնարավորությանը հարմարեցնելու ուղղությամբ։
Կործանիչի երկարությունը 14,5 մետր է, թևերի բացվածքը՝ 10 մետր, իսկ թռիչքի առավելագույն քաշը՝ 8,5 մետրիկ տոննա։
«Բայքարը» նախագիծը ներկայացրել է 2021 թվականին, իսկ հաջորդ տարի դրա նախատիպը ցուցադրել աշխարհի խոշորագույն ավիատիեզերական և տեխնոլոգիական միջոցառման՝ Teknofest-ի ժամանակ, որը տեղի էր ունենում Թուրքիայի հյուսիսում՝ Սամսուն քաղաքում։
Kızılelma-ն առաջին թռիչքն իրականացրել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Չորլուում գտնվող ընկերության փորձարկման կենտրոնում, օդում մնալով 18 րոպե։ 2023 թվականի ապրիլին այն ցուցադրել է այլ անօդաչու հարթակների հետ համատեղ գործելու իր հնարավորությունը՝ Չորլուում փորձարկումների ժամանակ սերտ կազմով թռչելով «Բայքարի» արտադրած «Աքընջը» անօդաչու սարքի հետ։ Ավելի ուշ երկու ինքնաթիռները կրկնել են համատեղ թռիչքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

