Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
Քաղաքականություն
19.11.2026 | 21:55
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարծիքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող ռուսաստանցի զինվորներն արժանի են ավելի մեծ կարեկցանքի, քան նրանց նկատմամբ ցուցաբերվում է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Պետք է կարեկցանք դրսևորել ոչ միայն զոհվող ուկրաինացի տղաների, այլև ռուսների նկատմամբ, քանի որ նրանց զորակոչում են և ստիպում մեկնել առաջնագիծ»,- The New York Times-ի կազմակերպած միջոցառման շրջանակում տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Մասկը։
Նրա խոսքով՝ չափազանց տարածված է այն մոտեցումը, թե «Ուկրաինան լավն է, Ռուսաստանը՝ վատը»։ Մասկի պնդմամբ՝ մոտեցումը, որ «այն ամենը, ինչ անում են ռուսների նկատմամբ, կարելի է արդարացնել», «սարսափելի դիրքորոշում է»։ Միաժամանակ, նա խոստովանել է, որ ինքն էլ փորձում է հասկանալ, թե որ մոտեցումն է ճիշտ։
Ավելի վաղ Մասկը շարունակվող պատերազմն անվանել էր անիմաստ արյունահեղություն՝ չհիշատակելով, սակայն, որ ռուսական բանակն է ներխուժել Ուկրաինա, օկուպացրել նրա տարածքի զգալի մասը և սպանել բազմաթիվ խաղաղ բնակիչների, ասվում է հրապարակման մեջ։
Մասկը նաև ըմբռնում է ցուցաբերել 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա հարձակման վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած փաստարկների նկատմամբ։
«Ինչ վերաբերում է ներխուժմանը, ապա Ռուսաստանն իսկապես ագրեսոր է։ Սակայն ճիշտ է նաև, որ մենք՝ ամերիկացիներս, հեղաշրջում ենք կազմակերպել՝ Ուկրաինայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ռուսամետ նախագահին տապալելու նպատակով։ Դա ակնհայտ հարձակողական գործողություն էր»,- հայտարարել է Մասկը՝ նկատի ուներ Վիկտոր Յանուկովիչի իշխանազրկումը։
2014 թվականի փետրվարին՝ իր քաղաքականության դեմ երկարատև զանգվածային բողոքի ցույցերից և ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներից հետո, Յանուկովիչը փախել էր Ռուսաստան։
«Կարող է թվալ, թե ես փորձում եմ արդարացումներ գտնել Ռուսաստանի համար, բայց դա այդպես չէ»,- ընդգծել է Մասկը։
Միևնույն ժամանակ, գործարարը հիշեցրել է, որ իր SpaceX ընկերությունն արբանյակային Starlink ինտերնետային համակարգի միջոցով պատերազմի ընթացքում Ուկրաինային ավելի մեծ օգնություն է ցուցաբերել, քան որևէ այլ մասնավոր անձ։ Երբ ռուսական զինված ուժերը շարքից հանել են հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, «միակ գործող համակարգը, որն անջատել չէին կարող, Starlink-ն էր», հայտարարել է Մասկը։ Նրա խոսքով՝ առանց այդ համակարգի՝ ուկրաինական ռազմաճակատի գիծը կփլուզվեր։
Միևնույն ժամանակ, Մասկը գրեթե չի պարզաբանել արբանյակային համակարգի աշխատանքի սահմանափակումների շուրջ վերջերս ծագած վեճի հանգամանքները։ Ուկրաինան քննադատել էր Starlink-ի աշխատանքի դանդաղեցումը, ինչը խոչընդոտում է ռուսական անօդաչու թռչող սարքերը որսալուն։ Հարցազրույցի ընթացքում Մասկը կրկին պնդել է, որ Ուկրաինան հասանելիություն ունի միայն Starlink-ի քաղաքացիական տարբերակին, այլ ոչ թե ռազմական Starshield համակարգին։ Վերջինն օգտագործում է նույն արբանյակները, սակայն գտնվում է ԱՄՆ վարչակազմի վերահսկողության ներքո։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում Starlink-ի համար միշտ գործել է արագության սահմանափակում՝ ժամում մոտ 130 կիլոմետր։ Նա հայտարարել է, որ մտադիր չէ փոխել այդ սահմանափակումը, քանի որ հարձակողական ռազմական գործողությունների համար պետք է օգտագործվի Starshield համակարգը։
Մասկը նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է «ստելու» մեջ։ Նրա պնդմամբ՝ եթե Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան արդեն հասանելիություն ունի Starshield համակարգին, ապա նա չի ասում ճշմարտությունը։ Մասկի խոսքով՝ «իրականում Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել հարձակողական ռազմական գործողություններ իրականացնելու համար»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

