Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.11.2026 | 21:00Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարելիք այցին և Արմեն Գրիգորյանի հոդվածին, մտահոգություն է հայտնել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի և անվտանգային սպառնալիքների վերաբերյալ։
Խոսելով սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպման մասին՝ Մկրտչյանը նկատել է. «Այնպիսի տպավորություն է, այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այս հանդիպումների շարքի հերթական հանդիպումը, կարծես ինչ-որ քաղաքական մոգականություն է հաղորդվել, կամ այնպիսի տպավորություն է, որ գնում է կամ աստծո հետ հանդիպման, կամ էլ ահեղ դատաստանի»։
Նրա գնահատմամբ՝ Մոսկվայում բանակցությունները հեշտ չեն լինելու. «Խնդիրը դրված է իմ կարծիքով քաղաքական մեծ սակարկությունների․․․ այս համատեքստում պետք է դիտարկել։ Այս սակարկությունն ընթանում է Հայաստանի հաշվին, մի դեպքում դա կարող է լինել Հայաստանի ինքնիշխանության, անկախության մասնահանում անելու հաշվին, Հայաստանի տարածքների հաշվին… Եվ ես այս առումով նաև ակնկալիքներ չունեմ, ես լուրջ վախ ունեմ հենց Մոսկվայից, ես լուրջ վախ ունեմ հենց Երևանից»։
Միաժամանակ, ըստ Մկրտչյանի, ԵՄ-ին անդամակցելու հայտարարություններն արվել են հատուկ նպատակով. «Նիկոլ Փաշինյանը ինչու՞ նշեց 27-ին կամ 28-ին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իրատեսականության մասին, որովհետև դա բարձրացնում է քաղաքական սակարկությունների գինը»։
Անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածին՝ բանախոսը խիստ քննադատության է ենթարկել դրա հրապարակման փաստը։ «Նա մի պաշտոնյա է, որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքներին՝ զգալի մասին, եթե չասեմ՝ գուցե ամբողջությանը։ Արմեն Գրիգորյանը իրավունք չուներ պաշտոնանկությունից անմիջապես հետո հանդես գալ նման հոդվածով»,- նշել է նա։
Մկրտչյանի խոսքով՝ այդ հոդվածի բովանդակությունը վտանգավոր է Հայաստանի համար։ «Նա ուղղակի վախեցնում է Հայաստանի հասարակությանը, իսկ ավելի կոնկրետ՝ ահաբեկում է՝ զգալիորեն ազդելով քաղաքական կուրսի վրա այս կամ այն չափով։ Հայաստանի դեմ կարող է աշխատել այդ հոդվածը»,- ահազանգում է նա։
ԱԽ նախկին քարտուղարի տեսլականը Մկրտչյանը համարում է հետընթաց. «Այս ուղերձը կամ այս ճանապարհը, որ նա ուղենշում է, հետ է պահում Հայաստանը զարգացումից, որովհետև եթե Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ուղեծրում, իսկ Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ուղեծրում… ապա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է, կամ չի գնում դեպի մրցունակ պետություն դառնալու ճանապարհով»։
Նա շեշտել է, որ Ռուսաստանից կախվածությունը գոյութենական սպառնալիք է. «Այսինքն՝ մենք չենք կարող Հայաստանը հետ պահել այդ ընտրությունից՝ թողնելով Հայաստանը ռուսական առանցքում։ Դա նշանակում է Հայաստանը դատապարտել ինքնիշխանության կորստի՝ աստիճանական ձևով։ Կախյալությունը Ռուսաստանից․․․ ընդհանրապես՝ որևէ երկրից, շատ վտանգավոր է ցանկացած պետության համար, առավել ևս Հայաստանի, որին քանի անգամ Ռուսաստանը դավաճանել է»։
Ամփոփելով՝ Նարինե Մկրտչյանն ընդգծել է եվրոպական ընտրության այլընտրանք չունենալը. «Հայաստանի արևմտականացումը և եվրոպականացումը այլընտրանք չուներ… այլընտրանք չուներ նաև այն, որպեսզի մեր կախյալությունը մի երկրից էականորեն թոթափվեր… Այո՛, Եվրոպան իհարկե խնդիրների առաջ է, և դա բոլորովին չի նշանակում, որ Եվրամիությունը փլուզվում է։ Սա բնավ չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ պահել եվրոպական քաղաքակրթությանը ոչ միայն առնչվելուց, հաղորդակցվելուց, այլև ուղղակի մաս կազմելուց»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

