Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.11.2026 | 20:56Երևանում A կետից B կետը հասնելու համար «տիեզերագնացի առողջություն ունենալու» դիտարկումից հետո վարչապետի տիկինն այժմ էլ առաջարկում է աղմկող իրեր պահել մեքենաներում։
«Սիրելի կին վարորդներ, հիշում եք չէ, այլևս չենք հանդորժում, սա միայն տան պատերի ներսին չի վերաբերում։ Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք»,- ասում է Հակոբյանը։
Կին վարորդներին ուղղված հորդորին զուգահեռ Աննա Հակոբյանը նույնն կոչն անում է նաև իր ձևակերպմամբ «մի քիչ համարձակ տղամարդ վարորդներին»:
«Պետական կառույցները երբեք չեն լսում այն դժգոհությունը, որը համարձակություն չունի հնչելու, այնպես որ սիրելի կանայք, որքան հնարավոր է բարձր հնչեցրեք այն»,- շեշտում է վարչապետի տիկինը։
Աննա Հակոբյանի այս տեսանյութն ըստ էության արձագանքն է Տիգրան Ավինյանի այսօրվա դիտարկումների։ Քաղաքապետը բնական էր համարել վարչապետի տիկնոջ նախորդիվ հնչեցրած քննադատությունը։
«Ես գնահատում եմ շատ բնական ստեղծված նյարդը, որովհետև եթե քաղաքում օրեր շարունակ մենք ունենում ենք տասբալանոց խցանում, իրականում դա նյարդայնացնող է։ Եվ իրականում նյարդայնացնում է բոլորիս՝ ոչ միայն տիկին Հակոբյանին, նաև ինձ և մեր բոլոր համաքաղաքացիներին»,- Factor TV-ի հարցին ի պատասխան ճեպազրույցի ժամանակ ասաց Ավինյանը։
Բայց Աննա Հակոբյանը կոչ է անում ոչ միայն բարձրաձայնել դժգոհությունը, այլև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա․ «Այնպես որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատացնել այս իրավիճակը լուծելու համար»:
Աննա Հակոբյանի և Տիգրան Ավինյանի հեռակա բանավեճի մեկնարկը տրվեց մեկ շաբաթ առաջ։ Վարչապետի տիկինը դժգոհելով մայրաքաղաքի խցանումներից ու քաղաքաշինության խնդիրներից՝ հարցի պատասխանն էր փնտրում՝ ինչ անել, որ տնտեսական աճի, շենքերի, բնակչության, մեքենաների ու զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը «ինֆարկտի բուն» չդառնան։ Պատասխանը չուներ, բայց պատասխանատուների մատնանշեց։
«Կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելը աշխատանքային պարտականություն է, ճիշտ է՝ ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինթույլտվություն տալն է։ «Թույլատրվում է»․ մի կախարդական մակագրություն, որի համար այնքան քիչ ջանք է հարկավոր և որն այնքան մեծ ազդեցություն ունի»,- հեգնական տոնով ասում է Հակոբյանը։
Ի պատասխան Ավինյանն արձագանքում է, որ խոսքը ոչ թե միլինավոր, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։
«Երևանի քաղաքապետարանը ամեն տարի էդ շինթույլտվություններից փաստացի ստանում է, ու էդ տասնյակ միլիոնավոր դոլարները դառնում են բակեր, ճանապարհներ, մայթեր, կոյուղիներ, էստակադաները, հանգուցային կարևոր ճանապարհներ և նաև մեր տրանսպորտի որոշ չափով սուբսիդավորում են դառնում: Եթե ինչ-որ մեկի մոտ հարց է մնում, կարող են մեր բյուջեն ուսումնասիրել»,- նշում է Ավինյանը։
Ու թե ուր կտանի այս հեռակա բանավեճը և ինչ արդյունք կունենա՝ դեռ պարզ չէ։ Աննա Հակոբյանի առաջին տեսանյութով կիսվել էր ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, որից հետո առավել ակտիվացան խոսակցությունները, թե Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններիում ՔՊ-ի նախընտրելի թեկնածուն հենց նա է։ Թեև Ալեն Սիմոնյանը հերքել է, որ այս պահին նման քննարկում կա, բայց ընդգծել է, որ Երևանի խնդիրները նրան հետաքրքրել են և շարունակելու են հետաքրքրել նաև ապագայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

