Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.11.2026 | 13:42Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Կոմունիստական կուսակցությանն անդամակցել է Հեյդար Ալիևի երաշխավորագրով։
Մանուկյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր հարթակներում, այդ թվում՝ Արցախի օկուպացված տարածքներում, Հայաստանի հասցեին սպառնալիքներ և վիրավորական հայտարարություններ է հնչեցրել, սակայն իշխանական պատգամավորներից որևէ մեկը չի արձագանքել։
Նա նշեց, որ ընդդիմության, մասնավորապես՝ Դաշնակցության և «Հայաստան» խմբակցության դեմ պայքարում ՔՊ-ական պատգամավորները պատրաստ են քննադատել անգամ Ալիևներին, մինչդեռ այլ իրավիճակներում, իր գնահատմամբ, խուսափում են դա անելուց։
«Մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմի ավարտի օրերին Իլհամ Ալիևը տարբեր հարթակներում, նաև Արցախի օկուպացված տարածքում հոխորտում էր Հայաստանի Հանրապետության դեմ: Այս քաղաքական մեծամասնությունից՝ ՔՊ-ից, գեթ մեկը չեղավ մի թթու բառ ասի, բայց քիչ առաջ հակադաշնակցականությունը, «Հայաստան» խմբակցության դեմ պայքարի այդ կիրքը մղեց ամենավերջին բառերն ասել ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Հեյդար Ալիևի հասցեին: Հակադաշնակցականությունը այս իշխանության այնպիսին է, որ այլևս էդ մի պահը վախը թողնում են՝ հանկարծ Իլհամ Ալիևին չնեղացնեն»,- հայտարարեց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ Հեյդար Ալիևի երաշխավորագրով Կոմունիստական կուսակցությանն անդամակցելու մասին Վահագն Ալեքսանյանի պնդմանը։
Մանուկյանն ասաց, որ Խորհրդային Միությունում գործել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը, և իշխանական երիտասարդ պատգամավորները պետք է ծանոթանան այդ ժամանակաշրջանի կուսակցական համակարգին ու անդամակցության կարգին։
Նա դիմեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին, Կնյազ Հասանովին և Սերգեյ Բագրատյանին՝ առաջարկելով խմբակցության նիստում իրենց երիտասարդ գործընկերներին բացատրել, թե ինչպես էր գործում խորհրդային կուսակցական համակարգը և ովքեր կարող էին երաշխավորել նոր անդամների ընդունելությունը։
«Դիմում եմ Անդրանիկ Քոչարյանին, Կնյազ Հասանովին, Սերգեյ Բագրատյանին. առաջիկա ֆրակցիայի նիստին ձեր երիտասարդ պատգամավորներին բացատրեք… որ Սովետական Միության ժամանակ եղել է Սովետական Միության Կոմունիստական կուսակցություն, ոչ թե առանձին հանրապետությունների կոմունիստական կուսակցություն, ու մի քիչ բացատրեք՝ այդ ժամանակ կուսակցության անդամ ընդունվելու համար երաշխավորն ով կարող էր դառնալ, չընկնեն ադրբեջանական ագիտպրոպի գիրկը, դառնան գերի, որ համարեն, թե Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը Արցախում, Ստեփանակերտում որևէ մեկի՝ կուսակցության անդամ դառնալու երաշխավոր կարող էր կանգնել»,- ասաց Մանուկյանը։
Պատգամավորը եզրափակեց ելույթը՝ կոչ անելով իշխանական խմբակցության ավելի փորձառու ներկայացուցիչներին «մի քիչ գրագիտություն սովորեցնել» իրենց երիտասարդ գործընկերներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

