Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
Հասարակություն
17.11.2026 | 12:50
Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունը տվել է Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։
Նշենք, որ Մասիս Մելքոնյանը հայտնի է որպես քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի միջնորդությունները բավարարող դատավոր։ Նա է կալանավորել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, գեներալ Տիրան Խաչատրանին, Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանին, հասարակական-քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանին, Նարեկ Սամսոնյանին և այլ անձանց։
Այս բոլոր գործերով ընդդիմադիրները Մասիս Մելքոյանին մեղադրել են քաղաքական պատվեր կատարելու մեջ։
Այժմ ընդդիմադիրներից շատերը բարձրաձայնում են Մելքոնյանի և նույն գործով անցնող դատավոր Գևորգ Պողոսյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին, նշում են, որ նրանց վերագրվող արարքը հանցակազմ չի պարունակում։
Նշենք, որ Մասիս Մելքոնյանը դատավոր է դարձել 2023 թվականին՝ Երևանի քրեական դատարանում, և գործունեության երեք տարիների ընթացքում հասցրել է ձեռք բերել «կալանք տվող» դատավորի համբավ։
Գևորգ Պողոսյանը դատավոր է նշանակվել 2021 թվականին, ընդ որում՝ նշանակվել է այդ ժամանակ ստեղծված «կալանքի դատարանում»: Այսինքն՝ կալանքի դատարանի դատավոր նշանակվելով հանդերձ՝ երբևէ չի ընկալվել որպես «կալանք տվող դատավոր», երբևէ իր գործունեությամբ չի հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում։
Գևորգ Պողոսյանը դատական համակարգում հայտնի է որպես գործերն արագ քննող դատավոր։ Նրա վարույթում համեմատաբար քիչ գործեր են լինում ոչ թե այն պատճառով, որ քիչ է գործ մակագրվում, այլ որովհետև դրանք արագ ավարտում է։
Արաքս Մամուլյան

