Երևանում կստեղծվի Սոցիալական ծառայությունների կենտրոն․ ի՞նչ ծառայություններ կտրամադրի նոր ՀՈԱԿ-ը
Քաղաքականություն
16.11.2026 | 18:51
Երևանում նախատեսվում է ստեղծել «Երևանի սոցիալական ծառայությունների կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ավագանու՝ նոյեմբերի 17-ի նիստի օրակարգի չզկուցվող հարցերի փաթեթում։
«Երևան համայնքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բացահայտումը, նրանց հասցեական ու համալիր սոցիալական, իրավաբանական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանն ուղղված աջակցությունը, ինչպես նաև անձանց և ընտանիքների սոցիալական իրավունքների իրացման ու հասարակական կյանքին լիարժեք մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը»,- ասված է որոշման նախագծում։
Նախագծի համաձայն՝ կենտրոնը կտրամադրի սոցիալական, իրավաբանական և հոգեբանական ծառայություններ, ինչպես նաև աջակցություն՝ ճգնաժամային իրավիճակների հաղթահարման համար։
Կազմակերպության ուշադրության կենտրոնում կլինեն սոցիալապես խոցելի խմբերը՝ տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, բազմազավակ և անապահով ընտանիքները։ Նախատեսվում է գնահատել նրանց կարիքները և տրամադրել անհրաժեշտ աջակցություն։
Կենտրոնի գործունեությունը կներառի նաև սոցիալական ներառման, ինքնուրույն կյանքի կազմակերպման և անկախ կենսագործունեության հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Բացի այդ, նախատեսվում է շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրել անհատական ու խմբային հոգեբանական խորհրդատվություն, աջակցություն և վերականգնողական ծառայություններ։
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ նոր կառույցի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանում համայնքահեն սոցիալական ծառայությունների միասնական և կենտրոնացված համակարգ ձևավորելու, գործող ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու և սոցիալական աջակցության ծրագրերն առավել արդյունավետ համակարգելու անհրաժեշտությամբ։
Նախագծում նշվում է, որ ներկայումս սոցիալական, հոգեբանական, իրավաբանական և այլ աջակցության ծառայությունները հիմնականում տրամադրվում են հասարակական կազմակերպությունների և միջազգային ծրագրերի շրջանակում, սակայն այդ ծրագրերի ավարտից հետո ծառայությունների շարունակականությունն ու կայունությունն ապահովելու խնդիր կա։
«ՀՈԱԿ-ի ստեղծմամբ ամրագրվում է երկարաժամկետ ռազմավարական գործունեություն՝ ուղղված սոցիալական ծառայությունների ոլորտում առկա կարիքների և անջրպետների շարունակական գնահատմանը, դրանց վերացմանն ու ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի և ժամանակակից մոտեցումների կիրառմամբ ծառայությունների զարգացմանն ու կատարելագործմանը»,- նշված է նախագծում։
Կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունը կունենա յոթ անդամից բաղկացած կառավարման խորհուրդ, որը կձևավորվի երեք տարի ժամկետով։ Խորհրդում ընդգրկվելու են համայնքային կառույցի աշխատակազմի, քաղաքապետի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և սոցիալական ոլորտի փորձագետ։
Կենտրոնի ֆինանսավորման հիմնական աղբյուրները կլինեն պետական և համայնքային բյուջեներից հատկացումները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր ներդրումները, նվիրատվություններն ու տեղական և միջազգային կազմակերպությունների դրամաշնորհները։
Նախագծով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին վերապահվում է նորաստեղծ կազմակերպության պետական գրանցումն ապահովելու պարտականությունը։
Արփի Հակոբյան

