Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.11.2026 | 13:40ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հրապարակած հոդվածը, որում վերջինս անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին։
Լրագրողների հետ զրույցում Թորոսյանը համաձայն չէ Գրիգորյանի հոդվածը «կտրուկ» և իշխանության մոտեցումներին «տրամագծորեն հակառակ» բնորոշելու հետ։ Նրա խոսքով՝ քաղաքական թիմում տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենալը բնական է, և ինքն էլ բազմաթիվ հարցերում տարակարծություններ ունի գործընկերների հետ։
«Որևէ տարօրինակ բան չկա։ Հնարավոր է՝ պարոն Գրիգորյանն այդ օրենքի վերաբերյալ տարբերվող կարծիք է ունեցել, հնարավոր է՝ ես էլ ունենամ տարբերվող կարծիք, բայց կա կոլեկտիվ պատասխանատվություն՝ քննարկումների և երբեմն նաև քվեարկությունների արդյունքում որոշելու, թե ինչպես ենք գնալու այս կամ այն ուղղությամբ»,- ասել է Թորոսյանը։
Նախարարը նշել է, որ կարդացել է Արմեն Գրիգորյանի հոդվածը, այն մտածելու տեղիք է տալիս, և հնարավոր է՝ օգտակար լինի իշխանության ներկայացուցիչների համար։ Նրա խոսքով՝ պետք է ուսումնասիրել ոչ միայն Գրիգորյանի հրապարակումները, այլև հարևան երկրների հայտարարություններն ու տարածաշրջանային զարգացումները։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Գրիգորյանի՝ իշխանության դիրքորոշումներից տարբերվող տեսակետները կապ են ունեցել պաշտոնից ազատման հետ, Թորոսյանը պատասխանել է. «Չեմ կարծում»։
Նա հիշեցրել է, որ Արմեն Գրիգորյանը շուրջ ութ տարի զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Հարցին՝ արդյոք Գրիգորյանը կարող է դառնալ իշխանության ընդդիմախոսը, Թորոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել օրենքով սահմանված ցանկացած գործունեությամբ։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

