Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
11.11.2026 | 12:45Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հարցադրումները ծավալուն քննարկման առիթ դարձան՝ ընդգրկելով ԵՏՄ ընդհանուր մաքսային բյուջեի մուտքերը, դեպի արևմտյան շուկաներ արտահանման դիվերսիֆիկացիան, ինչպես նաև գնաճի ու դրամի փոխարժեքի կանխատեսումները։
Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, հետաքրքրվեց, թե որքան մաքսատուրք է Հայաստանը վճարում ԵՏՄ ընդհանուր բյուջե և որքան է հետ ստանում։ Բացի այդ, նա շեշտեց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը՝ ընդդիմության մոտեցումները որակելով որպես ԵՏՄ-ի նկատմամբ «խանդի տեսարան» և ընդգծելով, որ ինքնիշխան Հայաստանը պետք է ընդլայնի առևտուրը նաև ԵՄ և ԱՄՆ ուղղություններով։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հաստատեց, որ 2022 թվականից ի վեր Հայաստանն ավելի շատ մաքսատուրք է վճարում ԵՏՄ բյուջե, քան ստանում է։
Այս ելույթին տեղից արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ նշելով. «Եթե ավելի շատ տալիս եք, քան ստանում, ուրեմն վնաս է ԵՏՄ-ն, բա ինչի՞ դուրս չեք գալիս»։
Նախարարը պարզաբանեց, որ խնդիրը վնասաբերության մեջ չէ. «Հայաստան ներկրվող ապրանքների քանակն ավելի մեծ է, քան Հայաստանի տնտեսության համամասնական չափը ԵՏՄ տարածքում։ Պատճառն այն է, որ որոշ ապրանքներ, որոնք սպառվում են ԵՏՄ այլ երկրներում, ներմուծվում են հենց Հայաստանի միջոցով»։
Պատասխանելով գնաճի և դրամի արժևորման վերաբերյալ պատգամավորի հարցերին՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց առկա մակրոտնտեսական պատկերը։ ԿԲ ղեկավարի խոսքով՝ այս պահի դրությամբ գնաճը գտնվում է կառավարելի մակարդակում, իսկ ԿԲ խորհրդի որոշումներն ուղղված են նրան, որպեսզի միջնաժամկետ հատվածում գնաճը կայունանա նպատակային մակարդակի շուրջ։
Մարտին Գալստյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը որևէ պարագայում փոխարժեքի կանխատեսում չի անում։ «Դրամի արժևորումը հետևանք է պահանջարկի և առաջարկի հարաբերակցության։ Քանի որ դոլարի ներհոսքը Հայաստան ավելի մեծ է, քան դրա պահանջարկը, փոխարժեքը բնականոն կերպով արժևորվում է»,- նշեց նա։
ԿԲ նախագահը նաև հավելեց, որ վերջին տարում Կենտրոնական բանկը բավականին մեծ ծավալով արտարժութային ինտերվենցիաներ է իրականացրել շուկայում, սակայն այդ քայլերը նպատակ չունեն ֆիքսելու կոնկրետ փոխարժեք. դրանք արվում են բացառապես շուկայում առաջացած կարճաժամկետ դիսբալանսներն ու տատանումները մեղմելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

