Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.11.2026 | 11:49Ազգային ժողովում եկամտահարկից լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին հատկացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի ներկայացուցիչ Դավիթ Ալավերդյանը բարձրացրեց քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցը։ Նա մտահոգություն հայտնեց, որ հարկային հայտարարագրման համակարգի միջոցով հնարավոր կլինի պարզել քաղաքացիների քաղաքական նախասիրությունները։
Ալավերդյանը նշեց, որ անհրաժեշտ է նախապես երաշխիքներ սահմանել, որպեսզի քաղաքացիների կատարած հատկացումների վերաբերյալ տեղեկությունները հասանելի չդառնան այլ անձանց կամ կառույցների։
«Բանն այն է, որ հարկային համակարգի միջոցով իշխանությունները… տեղեկանալու են, թե քաղաքացիներից յուրաքանչյուրը ում է նախապատվությունը տվել քաղաքական առումով, լրատվամիջոցների առումով, ՀԿ-ների առումով… պետք է նախապես երաշխիքներ ստեղծվեն, որ այդ տեղեկությունները որևէ մեկի ձեռքում, բացի ՊԵԿ-ից, հայտնվել չեն կարող, հակառակ դեպքում դա քաղաքական շահարկումների թեմա է դառնալու»,- ասաց նա։
Ալավերդյանն անդրադարձավ նաև հատկացումների չափին՝ առաջարկելով նախատեսված 3000 դրամը չբաժանել երեք ուղղությունների՝ լրատվամիջոցների, ՀԿ-ների և կուսակցությունների միջև, այլ քաղաքացուն հնարավորություն տալ ամբողջ գումարը փոխանցել իր նախընտրած մեկ կազմակերպությանը։
Արձագանքելով բարձրացված մտահոգություններին՝ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ համակարգը գործելու է ավտոմատ եղանակով, իսկ քաղաքացիների կատարած հատկացումների վերաբերյալ անհատական տվյալները հասանելի չեն լինելու առանձին անձանց։
«Այն, որ քաղաքացին կարող է կաշկանդվի, երբ որ իմանա, որ ինքը ինչ-որ ընդդիմադիր ԶԼՄ-ի նվիրատվություն է անում, ես չեմ կարծում, որ այսօր այդ մթնոլորտն է, բայց անգամ այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ այդ համակարգը փակ է… այդ տվյալները առանձին որևէ մեկը չի տեսնում, թե ով ում ինչ փոխանցեց»,- ասաց Թունյանը։
Պատգամավորը նախաձեռնությունը բնութագրեց որպես «բյուջետային դեմոկրատիայի գործիք»՝ ընդգծելով, որ այն կարող է ֆինանսավորման լրացուցիչ հնարավորություն ստեղծել նաև նորաստեղծ քաղաքական միավորների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

