Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.11.2026 | 12:03Ազգային ժողովում եկամտահարկի հայտարարագրման համակարգի միջոցով հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և կուսակցություններին ֆինանսական հատկացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում բանավեճ ծավալվեց ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կառույցների ցանկում հիմնադրամներին չներառելու հարցի շուրջ։ «ՀԿ Կենտրոն»-ի նախագահ Արփինե Հակոբյանը բարձրացրեց անհավասար պայմանների և արդարության հարցը։
Հակոբյանը նշեց, որ նախագծից հիմնադրամների դուրս թողնելն անհավասար պայմաններ է ստեղծում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։
«Այս դեպքում մի ամբողջ սեկտոր լուրջ գործ է անում, ու կուսակցությունները այդ թվում ստանում են, որը էլի ինչ-որ օլիգարխիկ կուսակցություն կարող է լինել․ մի քիչ անարդարության զգացում է էլի»,- ասաց նա։
Հակոբյանն անդրադարձավ նաև հիմնադրամների համար առանձին չափորոշիչներ սահմանելու հարցին՝ ընդգծելով, որ ոլորտային չափորոշիչների կիրառումը կարող է սուբյեկտիվ մոտեցումների տեղիք տալ։ Նրա կարծիքով՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը կարող է բավարար չափորոշիչ լինել հիմնադրամների գործունեությունը գնահատելու համար։
ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ կուսակցություններն ու հիմնադրամներն ունեն տարբեր կարգավիճակներ, և դրանց նկատմամբ նույն մոտեցումը կիրառելը հիմնավորված չէ։
«Կուսակցությունը ինքը արդեն իսկ քաղաքական ուղղվածություն է, և հետևաբար իր հետևում չի ինչ-որ մի բան, ինքը իր դեմքով հանդես է գալիս․ սա շատ կարևոր է: Իսկ հիմնադրամների մասով դուք գիտեք, որ կան հիմնադրամներ, որոնք գրանցված են որպես հիմնադրամ, բայց, ենթադրենք, այլ նպատակի են ծառայում»,- ասաց Վարդանյանը։
Պատգամավորն առաջարկեց նախագիծն ընդունել ներկայիս տարբերակով՝ առանց հիմնադրամների, իսկ հետագայում, համապատասխան չափորոշիչների մշակումից հետո, անդրադառնալ նաև դրանց ընդգրկման հնարավորությանը։
«Հիմնադրամները կարիք ունեն, ըստ երևույթին, զտվելու, որպեսզի այն մաքուր հիմնադրամը [գործի] որպես հիմնադրամ և իր նպատակներին ծառայող… Օրենքի նախագիծը թող գնա այս տեսքով այս պահին»,- նշեց նա։
Քննարկման ընթացքում հնչեցին նաև հակադարձումներ Վարդանյանի ներկայացրած դիրքորոշմանը։ Մասնակիցներից մեկը նշեց, որ Հայաստանում հիմնադրամների գործունեության նկատմամբ օրենսդրական կարգավորումներն ավելի խիստ են, քան հասարակական կազմակերպությունների դեպքում։
«Հայաստանում հիմնադրամների մասով օրենսդրական կարգավորումները ավելի խիստ են, քան ՀԿ-ների մասով… Սկսած նրանից, որ իրենց կանոնադրությունը դատարանն է հաստատում… վերջացրած իրենց շահառուների ցանկը հաստատելով, աուդիտի պարտադիր պահանջով: …Հիմնադրամի դեպքում հստակ պահանջ կա, որ քո ստացած դրամական միջոցների առնվազն 80%-ը պիտի ուղղվի քո կանոնադրական նպատակներին»,- ընդգծեց քննարկման մասնակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

