Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
Քաղաքականություն
11.11.2026 | 11:54
Աբու Դաբիում կայացած բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը հայտարարել է ռազմաճակատում հաջողությունների մասին, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։ ՌԲԿ-Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ։
«Ռուսները կարծում են, և նրանք այդ մասին կիսվել են, որ օկուպացրել են Դոնբասի այն տարածքի կեսը, որը մենք վերահսկում ենք։ Կեսը, ոչ թե մեկ գյուղ։ Նրանց կողմից այնտեղ ներկա էին զինվորականներ և հետախուզության ներկայացուցիչներ, և նրանք այդ մասին միանգամայն լուրջ էին խոսում»,- ասել է նա։
Զելենսկիի խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը զարմացել է, թե ինչպես կարելի է նման տեղեկություններ ներկայացնել, երբ դրանք ստուգելու բազմաթիվ եղանակներ կան։
«Պուտինն ապրում է այլ տեղեկատվական միջավայրում, այլ իրականության մեջ»,- հայտարարել է Զելենսկին։
Նա հավելել է, որ հենց այդ պատճառով էլ Կրեմլի ղեկավարն ամերիկացիներին ասում է, թե իրեն մնացել է մեկ, երկու կամ երեք ամիս՝ Ուկրաինայի ամբողջ արևելյան հատվածն օկուպացնելու համար։
«Ես նույնպես կարող եմ վերցնել ու պատկեր նկարել՝ ներկայացնելով, թե ինչ-որ տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեմ։ Բայց դա ճիշտ չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև հայտնել է, որ Աբու Դաբիում նոյեմբերի 11-ին Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին օրը Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչները քննարկել են ռազմագերիների փոխանակման հարցը՝ «1000-ը 1000-ի դիմաց» կամ «1500-ը 1500-ի դիմաց» ձևաչափով։ Նրա խոսքով՝ ամերիկացիներն այս առաջարկով կմեկնեն Ռուսաստան։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ մեծ նշանակություն է ունեցել եվրոպական երկրների ներկայացուցիչների ներկայությունը․ ինչպես ՆԱՏՕ-ի պատվիրակները, նրանք նույնպես գտնվել են Աբու Դաբիում, սակայն անմիջականորեն բանակցությունների սեղանի շուրջ չեն նստել։
«Մենք ցանկանում ենք, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն և Ուկրաինան միասնական դիրքորոշում ունենան»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հավելենք, որ Աբու Դաբիում այսօր շարունակվելու են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

