«Ալիևի ռեժիմը երկիրը վերածել է բանտային գերեզմանոցի»․ Ադրբեջանի քաղբանտարկյալները դիմել են կոչով
Քաղաքականություն
10.11.2026 | 12:57
Ադրբեջանում հայտնի քաղբանտարկյալները կոչ են արել հասարակությանը և միջազգային կազմակերպություններին միավորել իրենց ուժերը՝ երկրում քաղաքական ձերբակալությունների դեմ պայքարելու համար։ Ադրբեջանի տարբեր բանտերում և կալանավայրերում պահվող 22 անձինք համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում միավորվել քաղբանտարկյալների պաշտպանության համար։
«Toplum TV»-ի կողմից հրապարակված հայտարարությունը պատրաստվել է «Հանրապետական այլընտրանքային հարթակի» (ResPlatforma) խոսնակ Ակիֆ Գուրբանովի կոչին աջակցելու համար, որը «Toplum TV»-ի գործով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և կրում է պատիժը։
Հայտարարության հեղինակները նշում են, որ Ադրբեջանում քաղաքական հետապնդումները ընդլայնվում են, և իշխանությունները ճնշում են գործադրում ոչ միայն երկրում, այլև արտասահմանում բնակվող ակտիվիստների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրա։
Նրանց կարծիքով, երկրում բռնաճնշումները հասել են այնպիսի մակարդակի, որ քաղբանտարկյալների թիվը և նրանց առջև ծառացած խնդիրները պետք է դառնան հասարակության քննարկման հիմնական թեման։
«Ալիևի ռեժիմը երկիրը վերածել է «բանտային գերեզմանոցի», – ասվում է հայտարարության մեջ։
Հեղինակները կարծում են, որ Ադրբեջանում չկա որևէ տարբերակում իրենց քաղաքական հայացքների և գործունեության համար ձերբակալվածների միջև: Քաղաքական գործիչները, լրագրողները, հասարակական ակտիվիստները և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները բախվում են նույն ճնշման քաղաքականությանը։ Նշվում է, որ երկրում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ։ Հեղինակները կոչ են անում այս խնդիրն ավելի ակտիվորեն բարձրացնել միջազգային օրակարգում և համատեղ գործողություններ ձեռնարկել քաղբանտարկյալներին պաշտպանելու համար։
Բանտարկյալները կոչ են արել երկրի ներսում և աքսորում աշխատող հասարակական-քաղաքական կազմակերպություններին, մտավորականներին, լրագրողներին և ակտիվիստներին, ովքեր ցանկանում են Ադրբեջանի ժողովրդավարացումը, միավորվել իրենց ջանքերին։
Նրանք առաջարկում են այս ուղղությամբ օգտվել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի և վենեսուելացի ընդդիմադիր Մարիա Կորինա Մաչադոյի միջազգային փորձից։ Հայտարարության հեղինակները ցանկանում են, որ քաղբանտարկյալների խնդիրները ներկայացվեն միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ուշադրությանը, և ավելի հետևողական գործողություններ ձեռնարկվեն երկրում մարդու իրավունքների խախտումների դեմ։
Հավելենք, որ հայտարարությունը ստորագրել են նաև ադրբեջանական անկախ Meydan TV բանտարկված գլխավոր խմբագիր Այնուր Էլգունեշը, լրագրողներ Նաթիգ Ջավադլին, Ռամին Դեկոն, Շամշադ Աղան, Ուլվիյա Ալին, Այսել Ումուդովան, Այթաջ Թափդիղը, Խայալա Աղաևան, Ֆաթիմա Մովլամլին, Նուրլան Գահրամանլին և Ահմադ Մուխտարը։
Ստորագրողների թվում են մարդու իրավունքների պաշտպան Ռուֆատ Սաֆարովը, քաղաքագետ Բահրուզ Սամեդովը, հասարակական ակտիվիստներ Աֆիադդին Մամեդովը, Ռուսլան Իզզեթլին, Մամեդ Մամեդզադեն, Յաշար Աղազադեն, Իմրան Ալիևը, Ալի Զեյնալը, Ռամիլ Բաբաևը, լրագրողներ Ֆարիդ Իսմայիլովը և Իքբալ Աբիլովը։ Ստորագրող անձինք ձերբակալվել են տարբեր քրեական մեղադրանքներով։ Նրանք հերքում են մեղադրանքները՝ կապելով իրենց ձերբակալությունները իրենց հասարակական-քաղաքական և լրագրողական գործունեության հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

