Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.11.2026 | 21:00Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիային, ԵՄ շուկա մուտք գործելու պահանջներին, ռուս-հայկական տնտեսական հարաբերություններին և գազի հնարավոր թանկացման պարագայում Հայաստանի անելիքներին:
Խոսելով արտաքին առևտրում Ռուսաստանի մասնաբաժնի և այն նվազեցնելու անհրաժեշտության մասին՝ Քերոբյանը նշել է. «Ակնհայտ է, որ Հայաստանը էս դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը պետք է սկսեր և լավ կլիներ ավելի շուտ ձեռնամուխ լինեինք… մենք պետք է կարողանանք Ռուսաստանի դերը մեր արտահանման և ներմուծման մեջ նվազեցնել այնքան, որ հարաբերությունները տոքսիկ չլինեն»։
Անդրադառնալով հայկական բիզնեսների համար եվրոպական շուկայի բացմանը՝ նախկին նախարարն ընդգծել է, որ միայն շուկայի բացումը բավարար չէ, անհրաժեշտ են բարձր ստանդարտներ և պետական աջակցություն. «Կոնկրետ Եվրամիության հետ մենք փաստացի դուրս ենք գալիս դեպի առաջնակարգ շուկա, առաջնակարգ ստանդարտներով, և հետևաբար պետք է մեր ապրանքը համապատասխանեցնենք այդ առաջնակարգ շուկայի թե՛ ստանդարտներին, թե՛ նաև այդ երկրի հաճախորդներին, կլինի՝ բիզնես, թե վերջնական սպառողներ։ Պատրաստվում ենք արտահանող ընկերություններին տրամադրել թե՛ արդյունաբերական հարթակ, որոնք կբավարարեն եվրոպական ամենաբարձր ստանդարտներին, և նաև արտահանման և սերտիֆիկացման խնդիրները լուծել, մյուս բոլոր ենթակառուցվածքներով պետք է օգնենք, որպեսզի այդ ընկերությունները արագ մտնեն եվրոպական շուկա»։
Քերոբյանն ուղիղ տեքստով խոսել է այն մասին, որ եթե Ռուսաստանը խախտում է ԵԱՏՄ կանոնները, Հայաստանն էլ կարող է գնալ նույն քայլին. «Ռուսաստանը իր մոտ ընդունեց ոնց որ ԵԱՏՄ օրենքներին հակառակ օրենքներ կամ հակասող օրենքներ… օրինակ՝ զուգահեռ ներմուծման հետ կապված… մեզ ոչ մի բան չի խանգարում էսօր խախտել էդ ԵԱՏՄ կարգավորումը, ասել, որ մեզ պետք ա, մենք սա անում ենք, ցույց տալով ԵԱՏՄ-ին, որ ոնց որ իրենք են խախտում, այնպես էլ կարող ենք մենք խախտել»։
Վերլուծելով Ռուսաստանի կողմից էներգետիկ լծակների կիրառման սցենարները և հիշեցնելով Մոլդովայի օրինակը՝ նա նշել է.
«Մոլդովայում Ռուսաստանը մի հատ նոր հաշիվ ուղարկեց, որը ոչ մի տեղ չկար՝ 700 մլն դոլար, նրանք չվճարեցին և ռուսներն էլ գազը անջատեցին։ Դա ծայրահեղ սցենար է, բայց դա կարող է հանգեցնի ինչ-որ առումով որոշ ժամանակ շատ բարդ էներգետիկ իրավիճակի»։
Խոսելով գազի թանկացման դեպքում Հայաստանի գործողությունների և այլընտրանքների մասին՝ Քերոբյանը մանրամասնել է. «Մեզ ասում են, կարող եք ընտրել այլընտրանքային աղբյուրներ, և մենք կարող ենք դա անել։ Լրիվ լեգալ է ասել, որ մենք չենք պատրաստվում գազի սակագինը սուբսիդավորել ինչ-որ մասով, և գնանք ընտրենք այլ էներգիայի աղբյուրներ, փորձենք վերադասավորվել… Իրանի հյուսիսը չունի անհրաժեշտ քանակի գազ, որպեսզի մեզ ամբողջությամբ ապահովի, բայց Իրանի հարավից Իրանի հյուսիս բերելը պետք է որ մեծ խնդիր չլինի, այսինքն ինչ-որ ժամանակի աշխատանք է, և երկարաժամկետ պայմանավորվածությունների հարց է, բայց էնպես չի, որ Իրանի գազը, եթե գա ՀՀ, դա լինելու է նույն գնով, ինչ որ ռուսական գազը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

