Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Նոյեմբերի 9-ին Երևանում և 8 մարզերում ձյան, մերկասառույցի ու ցեխակույտերի պատճառով բազմաթիվ տրանսպորտային միջոցներ են արգելափակվել։ Փրկարարները, մասնավորապես, Սյունիքի մարզի Աղվանի-Լծեն ճանապարհին արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար։

ՆԳՆ ՓԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։
Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Տրանսպորտային միջոցներն արգելափակվել են հիմնականում ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրյա հատվածներում հայտնվելու հետևանքով։
Մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Գորիս-Հարժիս, Գորիս-Երևան, Տաթև-Լծեն, Աղվանի-Լծեն, Սիսիան-Գորիս և այլ ճանապարհահատվածներում, փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի տարբեր հատվածներում մերկասառույցի պատճառով արգելափակված 7 բեռնատար է դուրս բերվել։
Արգելափակումներից դուրսբերման աշխատանքներ են իրականացվել նաև Մարտունի-Գավառ, Ճամբարակ-Աղբերք, Վարդաղբյուր-Տաշիր, Վայք-Հեր-Հեր և այլ ճանապարհահատվածներում։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

