Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անմիջական ներգրավվածություն է ունեցել Սարաջյանի՝ ազգային թիմը ներկայացնելու գործում․
«Հարվիին հետևում եմ տևական ժամանակ. նրա խաղը բավականին տպավորիչ էր։ MLS-ում հանդես գալով՝ նա աչքի էր ընկնում իր արդյունավետությամբ, բազմաթիվ գոլեր էր խփում և առանձնանում էր նաև երկրորդ թիմում գրանցած ցուցանիշներով։ Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։
Վերջին արդյունավետ խաղերից հետո անձամբ զանգահարեցի թե՛ Արմեն Մելիքբեկյանին, թե՛ Եղիշե Մելիքյանին՝ ներկայացնելով իմ դիտարկումներն ու կարծիքը։ Համոզված էի, որ նրան անպայման պետք է հրավիրել հավաքական։ Նրանք նույնպես ուսումնասիրեցին Հարվիի խաղը և համաձայնեցին իմ գնահատականի հետ, ես էլ կապ հաստատեցի Հարվիի հետ։
Շաբաթ և կիրակի օրերն անցկացրի Օռլանդոյում, հանդիպեցի Հարվիին: Նա համաձայնեց խաղալ մեր ազգային թիմում և շատ ուրախ էր նման հնարավորության համար։
Հարվիի հայրը և պապը հայեր են, ուստի ամբողջ ընտանիքը մեծ ոգևորությամբ ընդունեց այս լուրը:
Նա բարձրահասակ, արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ MLS-ում խաղալն ինքնին հեշտ չէ․ այնտեղ ֆուտբոլը բավականին արագ է, ֆիզիկապես պահանջկոտ, և նա ոչ միայն չի զիջում այդ մակարդակին, այլև շարունակում է զարգանալ ու առաջադիմել։Նրա ֆիզիկական տվյալները, խաղային որակներն ու ներուժը մեր հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»,- ասել է Յուրա Մովսիսյանը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նույնպես խոսել է Սարաջյանի մասին.
«Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը համալրվելու է Հարվի Սարաջյանի նման երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստով։
Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, խաղային որակները և ամերիկյան առաջնությունում ձեռք բերած փորձը նոր շունչ ու որակ կհաղորդեն Հայաստանի ազգային հավաքականին։ Վստահ եմ, որ նա կարող է նոր էներգիա, մրցակցություն և ստեղծագործականություն բերել թիմին»։


