Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.11.2026 | 18:27Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները համարժեք չեն արձագանքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ «Համարժեք չեն արձագանքում, որովհետև Նիկոլ Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է։ Վասալները տերերին չեն պատասխանում։ Վասալները հնազանդորեն կատարում են տերերի հանձնարարությունները»,- ասաց Սուրենյանցը։
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Սուրենյանցն ասաց, որ թեև այն Հայաստանի պարտության մասին էր, այդուհանդերձ, պարտված Հայաստանի համար բավականին բալանսավորված էր։
«Համենայն դեպս, այդ փաստաթղթով կասկածի տակ չէր դրվում Արցախի կամ դրանից պահպանված մասի հայկականությունը։ Այդ փաստաթուղթը հնարավորություն էր տալիս Լաչինի միջանցքի միջոցով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել, և նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը չէր կանխորոշում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը․ դա թողնվում էր ապագային»,- նշեց նա։
Սուրենյանցի խոսքով՝ հետագայում Նիկոլ Փաշինյանը գնաց իր ամենամեծ արկածախնդրությանը։ «2022-ի սկզբից նա իր արևմտյան պատրոնների հուշումով հաշվեց, իբրև թե Ռուսաստանը պարտություն է կրելու ուկրաինական պատերազմում, բոլոր խաղադրույքները դրեց արևմտյան զամբյուղում, արևմտյան հարթակներում զոհաբերեց Արցախը և այսպիսով չեղարկեց այն մինիմալ երաշխիքները, որ առկա էին նոյեմբերի 9-ի փաստաթղթում»,- ասաց քաղաքագետը։
Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքով Արցախը զոհաբերվեց՝ երկրի ռազմավարական կուրսը փոխելու համար։
«Հիմա մենք պատերազմի ավարտի չորրորդ տարելիցի օրը ցավով պիտի արձանագրենք, որ այս պահին կոնին դրված է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը»,- ասաց Սուրենյանցը։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսել են դեռևս 2018 թվականից և դա ինքնիշխանության համար է, Սուրենյանցը կտրուկ արձագանքեց։
«Նիկոլ Փաշինյանը ինքնիշխանության հետ էնքան կապ ունի, ինչքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի»,- ասաց նա։
Խոսելով Ռուսաստանի՝ որպես դաշնակցի և միջնորդի դերակատարության մասին՝ Սուրենյանցը նշեց, որ Հայաստանի կողմից Ռուսաստանին ուղղված բազմաթիվ հարցեր կան։
«Ռուսաստանին ունենք բազմաթիվ հարցեր, էդ թվում՝ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված։ Էդ հարցերը, անշուշտ, մի օր Հայաստանի որևէ սոլիդ իշխանություն պիտի քննարկի Ռուսաստանի գործընկերների հետ՝ գործընկերային միջավայրում»,- ասաց նա։
Սակայն քաղաքագետի կարծիքով՝ նախ պետք է պատասխանատվության հարցը քննարկել Հայաստանի ներսում։
«Բայց ինչքանո՞վ բարոյական կլինի Հայաստանի քաղաքական գործչի կողմից Ռուսաստանի վարքագծի քննարկումը էն պարագայում, երբ որ Արցախի կործանման թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»,- հայտարարեց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

