«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Տեցի կռուգ» կոչվող տարածքում եղանակային պայմանները եղանակ չեն փոխում։ Այստեղ սեռական ծառայություններ առաջարկող և բարձր վարձատրվող կանայք ցուրտ եղանակին մեքենաներում են սպասում հաճախորդներին, մյուսները՝ անձրևանոցի տակ։ Ոմանք այստեղ են իրենց կամքով, բայց կան այնպիսիք, որոնք շահագործման են ենթարկվում։

Թրաֆիքինգի ենթարկվածներից մեկը Լիլիթն է (անունը փոխված է)։ Շահագործման դեպքով վարույթ կա նախաձեռնված, մեղադրյալի աթոռին նույնպես կին է, իսկ գործով տուժող է նաև Լիլիթի ընկերուհին։ Ամեն ինչ սկսվել է պարզ առևտրային թվացող հարաբերություններից։ Լիլիթն ու ընկերուհին պարտքով սնունդ, հագուստ ու այլ իրեր են վերցրել այն առևտրական կնոջից, որը մեղադրվում է նրանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ։ Ապրանքները պարտքով տրվել են շուկայականից մի քանի անգամ թանկ գնով, փոխադարձ հաշվարկներ չեն կատարվել, ինչից օգտվելով՝ առևտրականը պարտքի չափն ուռճացրել է, իսկ այն մարելու համար տարբերակ առաջարկել՝ գնալ «Տեցի կռուգ»։

«Ես «Տեցի կռուգ» եկել եմ իրենցով։ Ես նրանց տեղն էլ չեմ իմացել, ոչ էլ կանգնելու ձևն եմ իմացել, էդ գործով զբաղվել եմ իմ զանգերով։ Ես հետո, որ արդեն իր հետ սկսեցի համագործակցել, այսինքն՝ առևտրի մեջ մտնել, ինքը ինձ առաջարկեց, որ՝ ուզո՞ւմ ես լավ գործ անես, արի կանգնի մեր ընկերուհիներից մեկի հետ։ Էնտեղ լավ փող են առնում։ Կարաս շուտ-շուտ պարտքերդ մարես։ Էդպես եկել եմ, կանգնել եմ ու շարունակել եմ խորանալ էդ գործի մեջ»,- պատմում է Լիլիթը։

«Տեցի կռուգում» ծառայություններ առաջարկելը շուտով, այսպես ասած, բարի խորհրդից դարձել է հարկադրանք․ կանանց պարտադրվել է ամեն օր այստեղ սեռական ծառայություններ մատուցել և մարել ուռճացված պարտքերը։

«5000-ով, ապրանքները վերցնում էր, 15-20 000-ով ծախում մեր վրա։ Բազմոցին պառկած, ցուցափայտը ձեռքը, ցուցումներ էր տալիս՝ որտեղ գործի գնանք, որտեղ չգնանք, ինչքանով գնանք, ինչքանով չգնանք, ու ասում էր՝ դառը քրտինքով եմ աշխատում, բայց դառը քրտինքով մենք էինք աշխատում, ոչ թե ինքը։ Մենք էինք անքուն գիշերներ անցկացնում, ամեն տեսակի մարդու հետ շփվում։ Ու այդ ամենը մեր հոգեբանության, առողջության վրա էր ազդում, իսկ ինքը ներկայացնում էր, որ ինքն է դառը քրտինքով աշխատում։ Օր ա եղել՝ ես 1000 դրամ փող չեմ ունեցել, որ գնամ տուն, ես Տեցից մինչև տուն ոտքով եմ գնացել։ Ոտքերս ցավալով, սոված, անձրև ա եղել, չգիտեմ՝ ցուրտ ա եղել, ինչ ա եղել, ես ոտքով մինչև տուն եմ գնացել»,- պատմում է Լիլիթը։

Գործով քննիչ Տիգրան Կիրակոսյանի խոսքով՝ կանանց շահագործող առևտրականը նրանց պահել է իր մշտական հսկողության ներքո։

«Խոցելի վիճակով պայմանավորված և արդեն իրենից կախվածությունը ամրապնդած հանգամանքը օգտագործելով՝ մեղադրյալը մարմնավաճառ կանանց պահել է մշտապես իր հսկողության տակ, այսինքն՝ Տեցի կռուգ կոչվող հատվածում կարողացել է տեղեկություններ ստանալ այլ անձանց միջոցով նրանց, օրինակ՝ մեքենայում հանգստանալու հանգամանքից կամ քնած լինելու հանգամանքից և էդ առիթներն օգտագործելով՝ հարկադրել կամ բռնության սպառնալիքի միջոցով նրանց պահանջել է, որպեսզի օրական իր սահմանած գումարները, եթե չվճարեն, ապա հաջորդ օրը հնարավորություն չեն ունենալու տուն գնալու և հանգստանալու»,- ասում է քննիչը։

Ինչո՞ւ են այս կանայք համարվում խոցելի։ Քննիչը բացատրում է հարցի իրավական կողմը։

«Տուժողները զբաղվում են մարմնավաճառությամբ։ Հենց դրանով՝ իրենց կարգավիճակով պայմանավորված՝ դա առաջին խոցելի վիճակը կարող ենք համարել, չունեն իրենց փոխարեն հանդես եկող անձ։ Այս հանգամանքը ակնհայտ է եղել մեղադրյալի համար։ Այսինքն՝ չունեն ամուսին, հարազատների հետ գրեթե կապ չի ունեցել տուժողը, հարազատները տեղյակ չեն եղել նրանց զբաղմունքից։ Տուժողներն ունեցել են մի դեպքում մանկահասակ երեխա, մյուս դեպքում՝ անչափահաս երեխա, չեն ունեցել իրենց սեփական գույքը, որտեղ կարող էին բնակվել։ Այս հանգամանքները բոլորը ի մի բերելով կամ համադրելով միմյանց հետ՝ ստացվում է, որ մենք արդեն գործ ունենք մինչև շահագործումը տուժողների մոտ առկա խոցելի վիճակի հետ»,- բացատրում է քննիչը։

Իսկ շահագործման ընթացքում, ըստ քննիչի, վիճակի խոցելիությունն ավելի է խորացել՝ կապված փաստացի ուռճացված պարտքերով։

Լիլիթի խոսքով՝ առևտրական կինը չի թույլատրել այլ խանութներից գնումներ կատարել, իրենց համար բերել է այն բոլոր ապրանքները, ինչի կարիքն ունեցել են, բայց «Տեցի կռուգում» սեռական ծառայություններ մատուցելու դիմաց ստացած գումարի նույնիսկ չնչին մասն իրենց չի մնացել։

«Ես 2 ամսվա մեջ 3 բնակարան եմ փոխել, որովհետև չեմ կարողացել վարձը վճարել։ Նույնիսկ ինքն իմանում էր՝ ես ում հետ եմ մտել գործի, պարտադիր զանգում էր, ճշտում՝ քանիսով ես մտել, հետո ինձ զանգում, ասում՝ ինչի՞ ես ասել, որ 15 000-ով ես մտել, դու 20 000-ով ես մտել։ Այսինքն՝ ես նույնիսկ էդ 5000 չէի կարող դնել մի կողմ, իմ տան վարձը հավաքեմ, երեխայիս կարիքները հոգամ»,- պատմում է Լիլիթը։

Հետագայում, օգտվելով կանանց խոցելի վիճակից՝ մեղադրյալը նրանց վրա, բացի տրված ապրանքի գումարից, հաշվարկել է նաև այլ պարտքեր։

«Հաշվարկել են նաև նույն «Տեցի կռուգում», իբրև նրանց տուժողների համար հանգստի առարկա կամ տեղումնառատ եղանակներից պատսպարվելու միջոց ծառայած ավտոմեքենայի օրավարձի գումարները՝ յուրաքանչյուր դեպքում 10000 դրամ, և նաև հաշվարկել են նույն մեքենայի պահեստամասերի կամ այլ ապրանքների համար ծախսված կամ անհրաժեշտ գումարները, չնայած այն հանգամանքին, որ տուժողները փաստացի չեն շահագործել այդ ավտոմեքենաները»,- նշում է քննիչ Կիրակոսյանը։

Օրական 20-ից մինչև 150 հազար դրամ վճարելով՝ կանանց պարտքերը ոչ միայն չեն պակասել, այլև ավելացել են։ Երբ դրանք հասել են 12-ից մինչև 15 միլիոն դրամի, կանայք, այլ ելք չունենալով, դիմել են իրավապահներին։

«Արդեն համբերության բաժակը լցվել էր։ Էլ ես չէի կարողանում։ Ինձ օրերով չէր թողում, ինձ մենակ չէ, ընկերուհուս էլ հետը, օրերով չէր թողում տուն գնայինք։ Ասում էր՝ մինչև էսքան գումար չբերեք, չհասցնեք, ֆիքսված էսքան գումար… Մեզ զոռով պարտավորագրեր գրել տվեց թղթի վրա։ Ուղղակի պարտավորագրեր գրեք, որ ընկերուհիս իրան պիտի տա 120.000 դրամ օրը, ես պիտի տամ 40.000 դրամ օրը, որ յանի էդ պարտքերը մարվի, իջնի։ Որ օրը որ չէինք կարողանում տայինք, մենք իրավունք չունեինք գնայինք տուն։ Էնքան պիտի մնայինք «Տեցի կռուգում», մինչև էդ գումարը վաստակեինք, մինչև տանեինք։ Հլը չվաստակած՝ գալիս էր, ասում էր՝ «Ըհըն, օրը պրծավ, երկրորդ 40.000-ի բանն ա, դզե՛ք, արագացրե՛ք, դզե՛ք»։ Ու ես եղել ա՝ երեք-չորս օրով տուն, իրոք, չեմ գնացել։ Մնացել եմ ավտոյի մեջ եմ քնել։ Զանգում էր Տեցի կռուգի աղջիկներին, ասում էր՝ մի հատ քշեք, հասեք մեր ավտոյի մոտ, տեսեք՝ քնա՞ծ են ավտոյի մեջ։ Երեք-չորս օրով չէինք քնում «Տեցի կռուգում», մենք իրավունք չունեինք գոնե ավտոյի մեջ մի կես ժամ քնեինք»,- ասում է Լիլիթն ու նշում, որ ընկերուհու վիճակն ավելի վատ է եղել, քանի որ իրենց թրաֆիքինգի ենթարկողի հետ նույն տանն է ապրել։

Ընկերուհին բազմիցս դիմել է փախուստի, բայց նրան գտել են ու վերադարձրել են նույն տուն, իսկ իր նկատմամբ նույնիսկ ֆիզիկական բռնություն է գործադրվել։

«Աղջիկներից մեկը իրան զանգում ա, ասում ա, իբր ես 30 գրամ ոսկի եմ վերցրել, ոմն ինչ-որ չգիտեմ ումից, ուղարկել եմ գաղութ իմ ընկերոջը, բայց տենց բան չի եղել։ Էդ վախտ երեխես երկու-երեք… երկրորդ-երրորդ դասարան ա լինում։ Ինքը գալիս հասնում ա մեր տուն, ինձ ընենց ա ծեծում, ասենք՝ երեխուս աչքի առաջ, որ երեխես վատանում ա։ Դայակը երեխուս տանում ա սենյակ, բայց ասենք իրա ձայները… ինքը էնքան անմակարդակ, անդաստիարակ ա, որ ասենք իրա բառերը, իրա ասենք ամեն ինչը… Երեխես վախից ուղիղ մի շաբաթ միզում էր տակը։ Ու հետո ես, որ հիվանդանոց տարա երեխուս անալիզների, ինձ ասեցին, որ երեխան ահավոր սթրես ա տարել, որ արյան տոկոսը սենց իջնում ա երեխու, վախից սթրես ա տարել»,- հիշում է կինը։

Ինչո՞ւ են կանայք մի քանի տարի շահագործվելուց հետո միայն որոշել դիմել իրավապահներին։ Լիլիթը նշում է, որ եթե պարտքը կարողանար մարել, հավանաբար կկարողանար ազատվել իրեն շահագործողից։ Վերջինս նաև իրեն սպառնացել է, որ կզանգի և հարազատներից կպահանջի պարտքերը՝ վախեցնելով, որ նրանք կիմանան, թե ինչով է զբաղվում։

«Կզանգեմ պապայիդ, կասեմ՝ ինչով ես զբաղվում, էդ շորերից քույրերիդ էլ ես ուղարկել, կզանգեմ, իրենցից կուզեմ, կասեմ՝ ձեր քույրը չի կարողանում տալ գումարը, հավաքվեք, փողերը բերեք, տվեք ինձ։ Շատ բաներ կար, որ ես վախենում էի, անտեր չէի, որ չանհանգստանայի։ Իմ փեսան մի օր եկավ, ինձ «Տեցի կռուգ» տեսավ, բայց իմ քույրերն այնքան մակարդակով էին, որ դրա մասին չխոսեցին, բայց դա իմ վրա բիծ թողեց»,- նշում է կինը։

Հանրային մեղադրող Տիգրան Պողոսյանը դիտարկում է․ շատ են լինում դեպքեր, երբ շահագործման ենթարկվողները կամ չեն գիտակցում, կամ այս կամ այն հանգամանքով պայմանավորված՝ վախենում են բարձրաձայնել դեպքի մասին։ Ուստի թրաֆիքինգի դեպքերի բացահայտման հարցում կարևոր է նաև իրավապահների ակտիվ աշխատանքը։

«Ինչպես քաղաքացիների կողմից է լինում ինքնանույնականացման գործընթացը․ և նրանք հասկանում են, որ մի բան այնպես չէ, որ իրենց ծեծում են, բռնություն են գործադրում, աշխատավարձ չեն վճարում, բայց լինում է նաև, որ պրոակտիվ աշխատանքի արդյունքում իրավապահների ներկայացուցիչներն են ի հայտ բերում, որ այստեղ տեղի է ունենում շահագործում»,- ասում է հանրային մեղադրողը։

Հայաստանում շահագործման ձևերից առավել տարածվածները աշխատանքային և սեռական շահագործումն են։ Հանրային մեղադրողը վիճակագրություն է ներկայացնում։

2023 թվականին թրաֆիքինգի վերաբերյալ նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որից 4-ը՝ սեռական, 23-ը՝ աշխատանքային շահագործման դեպք է։ 2024-ին նախաձեռնված 38 վարույթից 20-ը՝ սեռական, 18-ը՝ աշխատանքային շահագործման դեպք է։ 2025-ի 29-ը վարույթից 14-ն է աշխատանքային շահագործման դեպք, իսկ 2026-ի 1-ին կիսամյակի 9 վարույթից՝ 8-ը։

Առևտրական կնոջ գործն այժմ դատարանում է։ Փորձեցինք մեղադրյալից ևս մեկնաբանություն ստանալ, սակայն նա հրաժարվեց խոսել, դատական նիստի դահլիճում աղմուկ բարձրացրեց և պահանջեց չլուսաբանել գործը, ինչից հետո դատարանը որոշեց նիստը դռնփակ անցկացնել։

Լիլիթն ու ընկերուհին այժմ առևտրական կնոջը գումար չեն տալիս։ Ստացվում է՝ նրանց հաջողվել է դուրս գալ շահագործման շղթայից, քանի որ բարձրաձայնել են խնդրի մասին։ Հարցին՝ ինչ խորհուրդ կտա իր վիճակում գտնվող կանանց, Լիլիթն այսպիսի պատասխան տվեց։

«Ես բոլոր իմ կարգավիճակում գտնվող աղջիկներին խորհուրդ եմ տալիս ոչ մի առևտրականի հետ ո՛չ մի, ո՛չ մի գործարքի մեջ չմտնել, որովհետև ցանկացած առևտրականի ձեռք է տալիս մարմնավաճառի հետ աշխատել, որովհետև հիմիկվա մարմնավաճառները հաշվարկ չեն անում, վստահում են ու ուզում եմ խորհուրդ տալ՝ ոչ մի առևտրականի հետ գործ չանեն, թեկուզ անում են մարմնավաճառություն, թող անեն միայն իրենց երեխաներին պահելու համար։ Ու եթե հարց կա, դիմեն միայն օրենքին»։

Ստացվում է՝ Լիլիթը հիմա շահագործման չի ենթարկվում, բայց «Տեցի կռուգում» շարունակում է սեռական ծառայություններ մատուցել։ Հարցին՝ եթե օրինականություն է պահանջում, ինչո՞ւ է զբաղվում մի գործով, որը Հայաստանում օրինական չէ, Լիլիթի պատասխանը, թերևս, պետք է մտահոգի իրավապահներին։

«Դե որ օրինական չլիներ, Տեցի կռուգում 200 մարմնավաճառ չեն կանգնի»,- ասում է Լիլիթը։

Արաքս Մամուլյան