Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.11.2026 | 15:55«Ադրբեջանական պարտադրանքով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեի ցանկացած ելք՝ թե՛ դրական, թե՛ բացասական՝ աղետալի է լինելու Հայաստանի համար, ուստի ընդդիմության գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ այդ հարցն ընդհանրապես հասնի հանրաքվեի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Անդրադառնալով իշխանությունների այն պնդումներին, թե «թող ժողովուրդը հանրաքվեով որոշի՝ փոխե՞լ մայր օրենքը, թե՞ ոչ», Գրիգորյանը շեշտեց, որ խնդիրը պետք է կանխվի հենց խորհրդարանում․
«Սահմանադրությամբ նախատեսված են ֆիլտրեր․ նախագիծը նախ պետք է հաստատվի Ազգային ժողովում, նոր միայն դրվի հանրաքվեի։ Եթե ՔՊ-ն կարծում է, թե կարող է շրջանցել դա, թող իրենց վարչության նիստով որոշեն։ Բայց քանի դեռ կա օրենսդրական այդ կարգը, մենք ԱԺ-ում պատի նման ենք կանգնելու, որպեսզի թույլ չտանք այդ օրակարգի անցկացումը։ Մեր խմբակցությունը երբեք կողմ չի քվեարկելու Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխության նախագծին»,- ընդգծեց նա։
Պատգամավորը Սահմանադրությունը համեմատեց Աստվածաշնչի հետ՝ նշելով, որ ինչպես քրիստոնյաների համար հոգևոր կյանքի ուղեցույցը Սուրբ Գիրքն է, այնպես էլ պետության համար աշխարհիկ կյանքի գլխավոր հիմքը Սահմանադրությունն է․ «Հիմա ի՞նչ են ուզում ասել, որ մենք պետք է այլ երկրի պարտադրանքո՞վ մեր կյանքը կազմակերպող գիրք ունենանք։ Դա բացառված է։ Տասնամյակների բանակցությունների ընթացքում Ադրբեջանի մտքով անգամ չէր անցել, որ կարող է Հայաստանին պարտադրել Սահմանադրություն փոխել։ Իսկ այսօր հասել ենք մի հանգրվանի, որ օրակարգ ենք դարձրել նրանց այդ պահանջը»։
Գրիգորյանի խոսքով՝ հանրային դաշտում կա հստակ կոնսենսուս, որ որևէ մեկի պահանջով ՀՀ մայր օրենքը չպետք է փոխվի։ Նա առանձնահատուկ ընդգծեց երիտասարդության և անկախության սերնդի ակտիվ դիրքորոշումը՝ նշելով, որ եթե ավագ սերունդը պատերազմի դաշտում է պաշտպանել անկախությունը, ապա ներկայիս սերունդը պարտավոր է այն պահպանել՝ տուրք չտալով թշնամու շանտաժին։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է զիջել գործող իշխանությունը՝ Աննա Գրիգորյանը նշեց մի շարք հանգամանքներ․ «2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ռազմավարական ճանապարհների հանձնումը։ Միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելու պատրաստակամությունը, ինչը, ըստ նրա, զրկում է էթնիկ զտման ենթարկված արցախցիներին իրենց իրավունքները միջազգային ատյաններում պաշտպանելու հնարավորությունից։ Ապաշրջափակման և սահմանազատման հարցերի առանձնացումն ու առկախումը։ Այնքան են զիջել թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ հողի վրա, որ այսօր Ադրբեջանն արդեն Սահմանադրություն փոխել է պահանջում։ Իսկ իրենք չունեն համարձակություն՝ բարձրաձայնելու, որ հենց Ադրբեջանի սահմանադրության մեջ կան Հայաստանի նկատմամբ տարածքային ուղիղ պահանջներ»։
Անդրադառնալով ընդդիմության անցած տարիների գործունեությանը և հնարավոր բացթողումներին՝ Աննա Գրիգորյանն ինքնաքննադատորեն խոստովանեց։
«Այո՛, պետք է ցավով արձանագրել, որ այդ փուլում մեր ուժերը չհերիքեցին, բայց մենք փորձել ենք անել առավելագույնը՝ փողոցային պայքարից մինչև խորհրդարանական ակտիվ գործունեություն։ Մեզնից կախված ամեն ինչ արել ենք։ Ուրախ եմ, որ այսօր նոր ուժեր են միանում պայքարին, և մենք շարունակելու ենք հանրության հետ ամենօրյա աշխատանքը՝ կանխելու համար նոր կապիտուլյացիաները»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

