Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
Քաղաքականություն
09.11.2026 | 13:56
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումն իրենց արդյունքներն են տալիս», – ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ ամենամյա հանդիպման ժամանակ։
Շոյգուի խոսքով՝ մեծ նշանակություն ունի նաև «տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակներում»։
«Միևնույն ժամանակ, բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն շահութաբեր», – նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը և ընդգծում «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքը վերսկսելու կարևորությունը։
«Վրաստանի իշխանությունները 2024 թվականին գործնականում կանխել են արևմտամետ վրացական ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջումը և սկսել են վարել երկրի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն»,- ասել է Շոյգուն ու նշել․ «Մենք ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը։ Միևնույն ժամանակ ընդգծում եմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության»։
«Այս համատեքստում կարևոր է վերսկսել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքը», -հավելել է Շոյգուն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

