Իսրայելը նոր վարչապետ ունի
Քաղաքականություն
09.11.2026 | 10:50
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո կառավարող կոալիցիա ձևավորելու առաջին հնարավորությունը տալիս է ընդդիմության թեկնածու Գադի Այզենկոտին։ Նա կիրակի օրը պաշտոնապես ստացել է Իսրայելի հաջորդ կառավարական կոալիցիան ձևավորելու մանդատը՝ խոստանալով կիրառել «ստեղծագործական և ոչ ավանդական» ուղիներ՝ իր բնորոշմամբ «ազգային արտակարգ իրավիճակի կառավարության» ձևավորման համար։
Այզենկոտի թեկնածությունն ակնկալվում էր, քանի որ նորընտիր Քնեսեթի 120 պատգամավորներից 67-ը դիմել էին նախագահ Իցհակ Հերցոգին՝ նրան այդ հնարավորությունը տալու խնդրանքով։ Այժմ՝ կիրակի օրը նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողությունից հետո, կենտրոնամետ «Յաշար» կուսակցության առաջնորդը կունենա մինչև վեց շաբաթ՝ կառավարություն ձևավորելու համար։ Նա խոստացել էր պաշտոնանկ անել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի համար նոր դարաշրջան սկսել։

«Իսրայելը գտնվում է արտակարգ իրավիճակի բարդ և ճակատագրական փուլում»,- իր ելույթի սկզբում հայտարարել է Այզենկոտը։ Նա մատնանշել է մի քանի ճակատներում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես դաշնակիցների, այնպես էլ հակառակորդների շրջանում Իսրայելի միջազգային հեղինակության կտրուկ անկումը և այն, ինչն անվանել է «Իսրայելի ժողովրդավարության պատմության ամենախոցելի պահերից մեկը»։
«Եթե շարունակենք ստեղծված իրավիճակում, մենք վտանգում ենք հայտնվել մութ իրականության մեջ՝ հասնելով մի կետի, որտեղից վերադարձն այլևս անհնար կլինի, և որից, որպես հասարակություն ու պետություն, մեզ համար չափազանց դժվար կլինի դուրս գալ»,- ասել է նա ու հավելել․ «Հետևաբար, նոր ղեկավարության անհրաժեշտությունը չափազանց հրատապ է։ Մեզ պետք է այնպիսի ղեկավարություն, որի ներկայացուցիչների աչքերին կարող ես նայել և վստահել, և որոնց մտահոգության առաջնային առարկան միշտ լինելու են Իսրայելի բարօրությունն ու անվտանգությունը»։
Այզենկոտն ընդունել է, որ հաջողության հասնելը ամենևին երաշխավորված չէ։ Նրան աջակցող կուսակցությունները բաժանված են երկու ճամբարի՝ հրեական գերակշռությամբ 48 պատգամավորից և արաբական գերակշռությամբ 19 պատգամավորից բաղկացած խմբավորումների։ Թեև արաբական կուսակցությունները խոստացել են աջակցել Այզենկոտի գլխավորած կառավարությանը կամ առնվազն դեմ չքվեարկել դրա ձևավորմանը, հրեական ճամբարի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն միանա այն կառավարությանը, որը կախված կլինի արաբական խմբակցությունների աջակցությունից։
Աճում են խոսակցությունները, որ Այզենկոտը կարող է ձևավորել փոքրամասնության կառավարություն կամ դաշինք կազմել ծայրահեղ ուղղափառ հրեաների՝ հարեդիների կուսակցությունների հետ, որոնք երկար տարիներ եղել են Նեթանյահուի դաշնակիցները։
Այզենկոտը չի հստակեցրել, թե բանակցությունների ընթացքում որ ուղղությամբ է պատրաստվում շարժվել։ Սակայն նա հայտարարել է, որ իր կոալիցիան բաց է ցանկացած կուսակցության համար, որը կընդունի իր սկզբունքները։ Նա ուղղակիորեն դիմել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության անդամներին՝ բացառությամբ անձամբ Նեթանյահուի, ինչպես նաև ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցությանը։
Նա նաև բացառել է կրկնակի ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Նման զարգացում տեղի կունենա, եթե Այզենկոտին չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա 46 պատգամավորների աջակցությունը վայելող Նեթանյահուն կստանա կառավարություն ձևավորելու իր հերթին տրամադրված 28 օրը և նույնպես ձախողվի, իսկ դրանից հետո՝ վերջին 21 օրվա ընթացքում, առնվազն 61 պատգամավոր չկարողանա համաձայնության գալ երրորդ թեկնածուի շուրջ։
Այզենկոտին կառավարություն ձևավորելու մանդատը հանձնելիս՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նրան կոչ է արել ձևավորել կայուն և երկարատև կառավարություն, որը կկարողանա դիմակայել Իսրայելի առջև ծառացած «հսկայական մարտահրավերներին»։

