Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Հասարակություն
06.11.2026 | 13:00
Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 մլն 112 հազար դրամ կադաստրային արժեքով 5 հա հողատարածքը և 161,2 քմ մակերեսով շինությունը կվերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը։ Վարչական դատարանը նոյեմբերի 2-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և դատավարության մյուս մասնակիցների միջև կնքված հաշտության համաձայնությունը։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Վարչական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ի վճռով հաստատվել է Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն 112 հազար դրամ կադաստրային արժեքով 5 հա մակերեսով հողատարածքը և 161.20 քմ մակերեսով շինությունը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության և դատավարության մյուս մասնակիցների միջև կնքված հաշտության համաձայնությունը:
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Վեդի քաղաք ավտոդրոմ հասցեի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի «Արարատի ավտոդպրոց» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կգրանցվի վերոնշյալ գույքերի նկատմամբ։

