Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Քաղաքականություն
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, գրում է Current time-ը։ Նոյեմբերի 5-ի երեկոյան Ռուսաստանը «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նիկոլաևի մարզում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Ռեշետիլովը։
Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի փոխանցմամբ՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ Բելայա Ցերկովի և Օբուխովի շրջաններում։ Բորիսպոլի շրջանում տուժել է երեք մարդ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելայա Ցերկովում հարված է հասցվել էներգիայի պահպանման մարտկոցային համալիրին, որը, ըստ գերատեսչության պնդման, էլեկտրաէներգիա էր մատակարարում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Սումիի շրջանում թիրախավորվել է էլեկտրաենթակայան, իսկ Օդեսայի նավահանգստում՝ բեռնատար նավ, որը, ըստ ռուսական կողմի, Ուկրաինա էր տեղափոխում երկակի նշանակության բեռներ։
Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ավերվել է բնակելի տուն, վիրավորվել է երեք մարդ, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Լույս նոյեմբերի 6-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է հարվածային 227 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից 196-ը խոցվել են։
«Ուկրէներգո» ընկերության փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ին ամբողջ Ուկրաինայի տարածքում կգործեն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցեր՝ ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր սպառողների համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

