Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
Հասարակություն
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունն ապօրինի արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ՝ պետությանը պատճառելով 22 մլն 561 հազար դրամի վնաս։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նյութական վնաս։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընկերության կողմից պետությանը պատճառված 22 մլն 561 հզր ՀՀ դրամի վնասը վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է։

