ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.11.2026 | 20:10Հայաստանը ԵԱՏՄ-ին ավելի շատ է տալիս, քան ստանում է, և պետք է ավելի մեծ մասնաբաժին ունենար միության ընդհանուր տնտեսական համակարգում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմաններին և հնարավոր սահմանափակումներին։
«Հայաստանը ոչ թե պիտի 450 տա, 250 ստանա, այլ արդար է, որ Հայաստանը պիտի 900 ստանա։ Այսինքն՝ մենք շատ ենք տալիս, քիչ ենք ստանում։ Մենք արդեն շատ վատ վիճակում ենք, մենք պիտի արդեն ոչ թե 450 տայինք ու 250 ստանայինք, մենք ուղղակի 900 ստանայինք՝ 450 տալով»,- ասաց Պապոյանը։
Նա նշեց, որ Հայաստանի մասնաբաժնի ավելացման հարցով տարբեր ժամանակներում քննարկումներ են եղել, ընդ որում՝ նման հարցեր բարձրացրել են նաև այլ երկրներ։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմն այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ քննարկումները հնարավորինս նպաստավոր պայմաններում անցկացնելու և դրական արդյունքի հասնելու համար։
Հարցին՝ արդյոք ակնկալում է, որ Հայաստանի ներկայացրած փաստարկները կարող են հանգեցնել սահմանափակումների վերացմանը, Պապոյանը պատասխանեց, որ լավատես է։
«Կարծում եմ, որ նվազագույնը մեկ երկիր կօգտվի իր վետոյի իրավունքից։ Մենք էլ պիտի քննարկենք, հասկանանք դա, ես երբեք իլյուզիաներ չեմ ունենում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հնարավոր ընթացակարգերի մասին մանրամասները կներկայացնի նոյեմբերի 10-ին։
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարին և ԵԱՏՄ-ի հնարավոր արձագանքին՝ Պապոյանն ասաց, որ որևէ երկիր կարող է վերաբերմունք ունենալ Հայաստանի որոշումների նկատմամբ, սակայն պետք է հասկանալ՝ արդյոք իրավասու է պահանջներ ներկայացնել։
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ և կշարունակի կատարել միության շրջանակում ստանձնած պարտավորությունները այնքան ժամանակ, քանի դեռ անդամակցությունը ճիշտ կհամարի։
Պապոյանը նաև ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավոր ժամկետների մասին հայտարարություններն ուղղված են միջազգային հանրությանը և որևէ երկրի առանձնապես չեն հասցեագրված։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

