Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
Քաղաքականություն
03.11.2026 | 16:10
Թուրք լրագրող, արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան Բարչըն Յինանչը հայտնի T24 ընդդիմադիր լրատվամիջոցում հրապարակված «Ի՞նչ է ուզում Բաքուն, ինչո՞ւ է Անկարան լռում, և ի՞նչ կլինի հիմա» հոդվածում անդրադառնում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում վերջին լարվածությանն ու հայ-թուրքական հարաբերություններին։
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ծագած ճգնաժամը, որը որոշ շրջանակներում զարմանք է առաջացրել, թերևս վաղուց արդեն կանխատեսելի էր։ Հետագա հնարավոր զարգացումները հասկանալու համար արժե անդրադառնալ տարիների ընթացքում կուտակված խնդիրներին։ Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների փոփոխվող դինամիկան հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ 2009 թվական։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններին, որոնք հետագայում ձախողվեցին, Բաքուն արձագանքեց դժգոհությամբ։ Կարելի է վիճել՝ այդ դժգոհությունն արդարացվա՞ծ էր, թե՞ ոչ։ Սակայն այդ ժամանակից Ադրբեջանը Թուրքիայում տնտեսական և քաղաքական լայնածավալ ներդրումներ սկսեց՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որ Անկարան հետագայում առանց Բաքվի լիակատար համաձայնության նման նախաձեռնություններ իրականացնի, ինչպես նաև մեծացնել իր ազդեցությունը Թուրքիայի իշխանությունների վրա։
Կարճ ժամանակում Ադրբեջանը դարձավ Թուրքիայում ամենախոշոր ներդրումներ կատարող երկրներից մեկը։ Բաքուն ուշադրության կենտրոնում պահեց նաև հասարակական կարծիքի վրա ազդելու հնարավորությունները, այդ թվում՝ ադրբեջանական կապիտալով ձեռք բերված լրատվական հեռուստաալիքը։ Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանը Թուրքիայում ազդեցիկ լոբբի ունի։
Յինանչը գրում է, որ Ղարաբաղյան պատերազմում 2020 թվականի հաղթանակը կարևոր շրջադարձային կետ է դարձել Բաքվի արտաքին քաղաքականության փոփոխության տեսանկյունից։ Մինչև 2020 թվականը Բաքվի գլխավոր առաջնահերթություններն էին տարածքային ամբողջականության վերականգնումը և Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում զգուշավոր հավասարակշռության պահպանումը։ Թուրքիայի համար Ադրբեջանը հատուկ, բացառիկ և արտոնյալ տեղ է զբաղեցնում։ Սակայն Ադրբեջանն այս հարաբերություններում այժմ արդեն «չի ցանկանում լինել սովորողի և աշակերտի դերում»։
Նա նաև ընդգծում է, որ թեև երկու երկրների հարաբերություններում վերջին ճգնաժամը դուրս է եկել «գլխաշորի» թեմայի շրջանակներից, «աշխարհիկության» հարցը նույնպես էական դեր է խաղացել երկու մայրաքաղաքների միջև առաջացած տարաձայնությունների խորացման գործում։
Հեղինակը հարց է բարձրացնում, արդյոք հիմա ճիշտ ժամանակն է կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ և բացելու սահմանը։
«Իմ կարծիքով, հիմա հարմար ժամանակը չէ։ Ես չեմ կարծում, որ կառավարությունը կընտրի այս ուղին։ Դա կստեղծի շատ լուրջ պառակտում, և քանի որ Կովկասում խաղաղությունն անհնար է առանց Բաքվի, Անկարայի դիրքորոշումը կարող է ավելի կոշտացնել Բաքվի դիրքորոշումը Երևանի նկատմամբ և հետաձգել տարածաշրջանում կայունություն ապահովելուն ուղղված նախագծերը»,- գրում է Բարչըն Յինանչը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը ցանկանում է, որ Անկարան ավելի լավ հասկանա իր նոր քաղաքականությունը։ Սակայն Ալիևի կողմից իրավիճակի հետագա սրման պայմաններում Անկարան ևս պետք է գտնի Ալիևին հասկանալի ձևով նրան զսպելու միջոց՝ առանց հարաբերությունները խզման հասցնելու։ Հակառակ դեպքում, հատկապես ընտրական շրջանի մեկնարկին զուգահեռ, կարելի է ականատես լինել Բաքվից բխող անցանկալի տհաճ միջադեպերի և վերահսկողությունից դուրս եկող ճգնաժամերի՝ Անկարայում իշխանությունների ձեռքերը կապված լինելու մասին ձևավորված ընկալման պատճառով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

