Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.11.2026 | 12:26Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա ամենակարևոր անելիքը և գլխավոր նպատակներից մեկը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման, Ազգային ժողովի ընդդիմության դիրքորոշման, հնարավոր հանրաքվեի և քաղաքական հետևանքների վերաբերյալ հարցադրումներին։
Վարչապետի ընդգծմամբ՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի շուրջ վստահությունն ու լավատեսությունը շարունակաբար աճում են, իսկ նախագիծը հանրության դատին կհանձնվի մեծ հավանականությամբ արդեն նոյեմբերին։
Անդրադառնալով Սահմանադրության ընդունման մարտավարական պատկերացումներին՝ Նիկոլ Փաշինյանը մատնանշեց իրադարձությունների զարգացման երկու հնարավոր քաղաքական սցենար։
«Եթե կառավարող մեծամասնությունը բարձրացված հարցերին տա հստակ, համոզիչ և դրական պատասխաններ, ապա նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի ընթացքում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրական տեղամասեր և կողմ կքվեարկի նախագծին։
Եթե առկա լինեն հստակ դրական պատասխաններ, սակայն Խորհրդարանը և մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը և դեմ արտահայտվի դրան, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հստակեցրեց, թե ինչպես պետք է գործի իշխող մեծամասնությունը երկրորդ սցենարի դեպքում։
«Այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե իհարկե հանրային այդ տրամադրությունը լինի»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նոր Սահմանադրություն ընդունելու հանձնառությունը հստակ արձանագրված է ինչպես իշխող քաղաքական թիմի նախընտրական ծրագրում, այնպես էլ Կառավարության ծրագրում։ Նշեց՝ իր հանձնարարությամբ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն պատրաստել է նախագիծը։
«Հրապարակման պահից փաստաթուղթը կունենա վարչապետի հանձնարարությամբ արդարադատության նախարարության կողմից պատրաստված նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական կարգավիճակ։ Հրապարակումից հետո կսկսվեն հանրային քննարկումներ, կընդունվեն և կքննարկվեն առաջարկություններ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այդ փուլը կտևի այնքան, մինչև համոզվեն, որ նախագիծը բավարար չափով քննարկված է հանրության շրջանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

