Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
Քաղաքականություն
23.10.2026 | 11:42
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է եռակողմ բանակցությունների՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու շուրջ։ Պետական ВГТРК մեդիահոլդինգի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է վերսկսել Կիևի հետ երկխոսությունը՝ Վաշինգտոնի միջնորդությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Այս բանակցությունների նպատակը լինելու է խաղաղության համաձայնագրերի վերջնական տարբերակին դուրս գալուց հետո Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգության ապահովման հարցի քննարկումը։ Խոսքը ոչ թե կարճ ժամանակով ռազմական գործողությունների դադարեցման, այլ վերջնական խաղաղության համաձայնագրի մասին է։ Մենք պատրաստ ենք վերսկսել այդ շփումները՝ այս նպատակին հասնելու համար»,- ասել է նա։
Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումից հետո Մոսկվան չի հայտնել, թե ինչ մակարդակի ներկայացուցիչներով է պատրաստ բանակցություններ վարել Կիևի հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով բանակցությունները վերսկսելու մասին տեղեկությունները, նշել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպման Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ պատերազմի ավարտը քննարկելու նպատակով։ Սակայն Կրեմլը բազմիցս մերժել է նման ձևաչափը կամ Զելենսկիի առաջ պայմաններ է դրել, որոնք Կիևը չի համարել հանդիպման նկատմամբ լուրջ մոտեցում, հայտարարել է Պուտինը։
Նախկինում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները որևէ շոշափելի արդյունք չեն տվել պատերազմի ավարտին հասնելու ճանապարհին։ Բացի այդ, Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանին «լիովին չեն բավարարում» այն առաջարկները, որոնք Թրամփի բանակցողները բերել են Ռուսաստան։
Զարուբինը Պուտինին հարցրել է Վլադիմիր Զելենսկիի նախօրեի հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ Ուկրաինան պատրաստ է սառեցնել ռազմական գործողությունները ռազմաճակատի ներկայիս շփման գծով։
Պուտինը պատասխանել է, որ դա «նրանց տարածքը չէ, այլ պատմական Ռուսաստանի տարածք»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դոնբասով անցնող ռազմաճակատի գծով ռազմական գործողությունները սառեցնելու գաղափարին 2025 թվականին, Ալյասկայի Անքորիջ քաղաքում Պուտինի հետ հանդիպումից առաջ, աջակցել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սակայն իրադարձությունների նման զարգացումը հակասում է Ռուսաստանի նախագահի՝ հրապարակայնորեն հնչեցրած պահանջներին, ըստ որոնց՝ Ուկրաինան պետք է առանց մարտերի Ռուսաստանին հանձնի ամբողջ Դոնբասը։
Միաժամանակ, Պուտինը հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը, իբր, «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և շարունակվող ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդելԿիևի վրա։
«Մենք հիմա էլ պատրաստ ենք պայմանավորվել և ելքեր փնտրել այս ծանր իրավիճակից։ Սա մեզ շատ մոտ ժողովուրդ է։ Վերջին գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»,- պնդել է Պուտինը։
Միևնույն ժամանակ, Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումից հետո Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հարձակումների ինտենսիվությունը չի նվազել։ Զարուբինին տված հարցազրույցի հրապարակման օրն ուկրաինական կողմը հայտնել է Ռուսաստանի մի շարք հարձակումների մասին, որոնց թիրախում եղել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի հագուստի տոնավաճառը, Կիևի պատմական կենտրոնը, ինչպես նաև Ուկրաինայի տարբեր շրջանների ավտոճանապարհներն ու կամուրջները։ Լոզովայայում ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 34-ը՝ վիրավորվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

