Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
Քաղաքականություն
23.10.2026 | 10:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը վերականգնել է Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը Starlink արբանյակային կապի համակարգին։ Սակայն նա հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք այդ հարցը քննարկել է միլիարդատիրոջ հետ, գրում է BBC -ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թրամփը չորեքշաբթի զանգահարել է Մասկին և խնդրել վերացնել Ուկրաինայի համար սահմանափակումները։
«Չեմ ցանկանում մեկնաբանել դա։ Ես ինքս եմ զանգահարել, թե մեկ ուրիշը, կարծում եմ՝ որևէ նշանակություն չունի։ Կարևորն այն է, որ նա ամեն ինչ վերադարձրել է»,- լրագրողներին ասել է Թրամփը։
The Wall Street Journal-ի ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ Starlink-ը գործառույթները դեռ ամբողջությամբ չի վերականգնել, սակայն հինգշաբթի օրը համակարգում կապի արագությունն ավելի բարձր է եղել, քան սահմանափակումների պայմաններում նախկինում։
Starlink-ի ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին Ուկրաինայի պաշտոնյաներն ու զինվորականները սկսել էին հայտնել հոկտեմբերի 14-ի առավոտից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ սահմանափակումների պատճառով որոշ առաքելություններ խափանվել են։
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Starshield համակարգերը պատկանում են ԱՄՆ իշխանություններին և գտնվում են նրանց վերահսկողության ներքո։ Սպիտակ տունը պաշտոնապես չի հայտարարել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին։ Axios-ի աղբյուրները պնդել էին, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կապ չունի սահմանափակումների հետ։
Բրիտանական The Telegraph-ը և ամերիկյան The Wall Street Journal-ը հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերի համար Starlink-ի աշխատանքի սահմանափակումներ մտցնելու առաջարկը ներկայացրել է Իլոն Մասկը։ Ըստ տեղեկությունների՝ գործարարը քննարկել է այդ գաղափարը Պենտագոնի հետ և ստացել պաշտպանության նախարարության աջակցությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

