Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Քաղաքականություն
14.10.2026 | 19:03
Գեղարքունիքի 4 համայնքներում այս տարի ընտրություններ են սպասվում։ Վարդենիսում, Մարտունիում և Գավառում ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 25-ին, Սևանում՝ նոյեմբերի 29-ին։
Գավառում և Մարտունիում ընտրական պայքարին մասնակցում է մի քանի ուժ, Վարդենիսում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը, իսկ Սևանում նոյեմբերի 29-ի ընտրությունների թեկնածուների առաջադրման վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան։
Factor TV-ն ուսումնասիրել է, թե որ քաղաքական ուժերն են մասնակցում առաջիկա ընտրություններին, ովքեր են գլխավորում նրանց ցուցակները, ինչ քաղաքական ճանապարհ են անցել գործող համայնքապետերը և ինչ ուշագրավ դրվագներ են արձանագրվել նրանց պաշտոնավարման ընթացքում։
Գավառ
Գավառի ընտրություններին մասնակցում է 3 ուժ․ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները, «Հայկական քվե» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։
Նշենք, որ իշխող կուսակցությունը «Գործարար»-ի հետ միասին մասնակցում է նաև Գորիսի ընտրություններին։
ՔՊ-ի մասնակցությամբ դաշինքի համայնքապետի թեկնածուն Գուրգեն Մարտիրոսյանն է՝ համայնքի գործող ղեկավարը։ Մարտիրոսյանը Գավառի երրորդ քաղաքապետն է, որը պաշտոնավարում է 2005 թվականից մինչ օրս: Ըստ հրապարակված տվյալների՝ նա անկուսակցական է։
Նրա պաշտոնավարման տարիներին մամուլը բազմիցս անդրադարձել է Գավառի համայնքապետարանի գնումներին՝ հատկապես համայնքապետի ընտանիքին առնչվող «Գավառտրանս» ընկերությունից կատարված գնումներին։
Infocom-ի 2025 թվականի ուսումնասիրության համաձայն՝ 2020-2024 թվականներին Գավառի համայնքապետարանը և համայնքային «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը «Գավառտրանսի» հետ կնքել են ընդհանուր շուրջ 135 մլն դրամի 23 պայմանագիր՝ հիմնականում սեղմված բնական գազի, ուղևորափոխադրման ծառայությունների և աղբարկղերի ձեռքբերման համար։ Դրանցից 17 մրցույթում «Գավառտրանս»-ը եղել է միակ մասնակիցը։
Մարտիրոսյանը «Գավառտրանս»-ի համահիմնադիրներից է եղել և ընկերության բաժնետեր՝ 2003-2008 թվականներին, որից հետո իր 50% բաժնեմասը փոխանցել է հորը։ 2025-ի դրությամբ ընկերության բաժնետերերի թվում եղել են նրա հայրը, երկու որդիները, քույրը և քրոջ որդին, իսկ ընկերության 31%-ը պատկանել է Գավառի ավագանու կառավարող խմբակցության անդամ Հրայր Գուլաբյանին։
2025 թվականին ևս «Գավառտրանսը» համայնքապետարանի հետ կնքել է ավելի քան 1.5 մլն դրամի պայմանագիր՝ սեղմված բնական գազ մատակարարելու համար։ Մարտիրոսյանը հայտարարել է, որ այս գնումներում շահերի բախում չի տեսնում՝ նշելով, որ պայմանագրերը կնքվել են գնահատող հանձնաժողովների որոշումների հիման վրա։ Infocom-ը, սակայն, ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախման վերաբերյալ գրավոր ծանուցում չէր ներկայացրել։
Գավառի ավագանիում տեղերի համար պայքարող ուժերից «Հայկական քվե»-ի կազմում են «Ապրելու երկիրը» և «Հայաքվեն»։ Ընտրական ցուցակի առաջին համարը Հրայր Իսրայելյանն է։ Նա «Հայաքվե»-ի խորհրդի անդամ է, միավորման անդամ է 2025-ից։
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն Նարեկ Արևշատյանն է։ Թեկնածուն հասարակական գործիչ է, «Ռեստարտ Գավառ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահը։
Համայնքն ունի 42 հազար 875 ընտրող։
Մարտունի
Մարտունիում 4 քաղաքական ուժ է մասնակցելու ընտրապայքարին։ Դրանք են՝ «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, որը Մարտունի համայնքը ղեկավարում է 2021-ից։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա նախկինում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է եղել։
Մարտունու ավագանու 2022 թվականի գործունեության վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի աջակցությամբ կատարված մոնիթորինգը կառավարման մի շարք խնդիրներ է արձանագրել։ Մասնավորապես՝ քաղաքացիների մասնակցությունը ավագանու նիստերին շատ ցածր է եղել, նիստերի և հանրային լսումների մասին բնակչության իրազեկումը գնահատվել է որպես մասնակի, իսկ մոնիթորինգը նշել է, որ ավագանու նիստերում համայնքի ռազմավարական պլանավորմանն ու զարգացմանն ուղղված հարցեր չեն քննարկվել։
Ընտրությունների մասնակցող մյուս դաշինքի՝ «Մեր համայնքի» կազմում են Ռեֆորմիստների կուսակցությունը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Արամ Կարապետյանը, որը ՀՀԿ-ի Մարտունու շրջանի կազմակերպիչն է։
«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն 41-ամյա Արամ Մանուկյանն է, իսկ Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածուն՝ 47-ամյա Հակոբ Վարդանյանը։
Համայնքն ունի 62 հազար 459 ընտրող։
Վարդենիս
Վարդենիսում ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ուժի թեկնածուն համայնքի գործող ղեկավարն Ահարոն Խաչատրյանն է, որ համայնքը ղեկավարում է 2022-ից։
ԿԿՀ ներկայացված հայտարարագրում նշվում է, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նախկինում եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, այնուհետև գործել է որպես անկուսակցական։
2025 թվականի մարտին իրավապահները խուզարկել են Վարդենիսի համայնքապետարանը և Ահարոն Խաչատրյանի տունը։ Համայնքապետարանի 3 աշխատակից կալանավորվել էր, իսկ Խաչատրյանն ազատության մեջ էր։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ գործը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։
Հետագայում՝ 2025 թվականի մայիսի 13-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն պաշտոնապես հայտնել է, որ Վարդենիսի համայնքապետարանի բաժնի պետն ու նրա տեղակալը մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։ Ըստ նախաքննության՝ նրանք 2024 թվականի նոյեմբերի 4-ին տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից և աշխատակցից կաշառք են ստացել՝ Վարդենիսում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության փաստաթղթերի և վճարումների հետ կապված գործողությունների համար։ Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Infocom-ին տված հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի նախկին դատվածության մասին՝ նշելով, որ թեև ՔՊ-ն ստուգում է իր թեկնածուների կենսագրությունները, իրեն նման տեղեկություն չեն փոխանցել։
Փաշինյանը բացատրել է նաև, թե ինչպես է Ահարոն Խաչատրյանը հայտնվել ՔՊ-ի թիմում։ Նրա խոսքով՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Վարդենիսում 2018 թվականի հեղափոխության ակտիվ մասնակիցների թիմը բաժանվել է երկու մասի և ընտրություններին մասնակցել առանձին։ Մի հատվածը հանդես է եկել ՔՊ-ի ցուցակով, մյուսը՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ։ Թեև ՔՊ-ն ամենաշատ ձայներն է ստացել, չի կարողացել իր թեկնածուին համայնքի ղեկավար ընտրել, և ընտրվել է Խաչատրյանը։ Հետագայում, ըստ Փաշինյանի, հեղափոխության թիմի երկու հատվածները վերամիավորվել են։
Անդրադառնալով 2025 թվականին կաշառք ստանալու գործով Խաչատրյանի տանը կատարված խուզարկությանը՝ Փաշինյանը ասել է․ «Հիմա ասեմ․ եթե մարդը այնպիսի արարք է կատարել, որ պետք է լինի բանտում, ուրեմն մարդը կլինի բանտում։ Եթե մարդը բանտում չի, ուրեմն չի արել այնպիսի արարք, որ պետք է լինի բանտում»։
Համայնքն ունի 27 հազար 813 ընտրող։
Սևան
Նոյեմբերի 29-ին Սևան համայնքում նախատեսված ընտրությունների թեկնածուների վերաբերյալ տվյալներ դեռևս չկան։
2016-ից համայնքի ղեկավարը Սարգիս Մուրադյանն է, անկուսակցական։ Հայաստանի համայնքների միության ներկայիս էջում նրա կուսակցական պատկանելությունը դեռ նշված է որպես ՀՀԿ անդամ։ Մուրադյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում որևէ կուսակցության անդամակցելու վերաբերյալ տվյալներ լրացված չեն։
2021-ի ընտրություններում ՔՊ-ն առանձին չէր մասնակցում Սևանի ընտրությունների և հրապարակայնորեն աջակցում էր Մուրադյանի դաշինքին, թեև Մուրադյանը նախկինում և պաշտոնական որոշ աղբյուրներում շարունակում էր ներկայացվել որպես ՀՀԿ անդամ։
Առաջիկա ընտրություններին ընդառաջ համայնքն ունի 32 հազար 791 ընտրող։
Ճամբարակ
Գեղարքունիքի համայնքներից մյուսում՝ Ճամբարակում, առաջիկա ընտրությունները տեղի կունենան 2027-ին։ Համայնքը 2017-ից ղեկավարում է անկուսակցական Վազգեն Ադամյանը։ Վերջին ընտրություններում նա գլխավորում էր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համամասնական ցուցակը։ Ընդ որում, Ճամբարակում այդ ընտրություններին մասնակցել է միայն այդ մեկ քաղաքական ուժը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը թեկնածու/ցուցակ չէր առաջադրել։
Նշենք, որ «Դեմոկրատական այլընտրանք»-ի ղեկավարը Սուրեն Սուրենյանցն է, որը 2026-ի խորհրդարանական ընտրություններին միացել էր Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Նրանք ընտրություններին մասնակցում էին մեկ ցուցակով։
Եվգենյա Համբարձումյան

