Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ

Լուրեր

13.10.2026 | 18:53
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
Բոլորը

«Երկար ժամանակ է՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) մոտ կանգնած հայտնի տեղեկատվական հարթակներում, տարածվում է իրականությանը չհամապատասխանող, կողմնակալ, զրպարտչական և Ադրբեջանի պատիվն ու հեղինակությունը վարկաբեկող տեղեկատվություն»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Նշենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ղեկավարում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հաշվի առնելով «Նոր Ադրբեջան» կուսակցության և «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև գոյություն ունեցող գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդներին կապող եղբայրության և բարեկամության պատմական կապերը՝ մինչ այժմ մենք զսպվածություն ենք ցուցաբերել նման դեպքերի նկատմամբ։ Մեր նպատակն էր թույլ չտալ, որ առանձին շրջանակների անպատասխանատու վարքագիծը բացասաբար անդրադառնա մեր պետությունների և ժողովուրդների հարաբերությունների վրա։ Սակայն վերջին շրջանում Ադրբեջանի դեմ ուղղված այս տեղեկատվական արշավն ավելի ագրեսիվ, համակարգված և բացահայտ զրպարտչական բնույթ է ստացել։ Մասնավորապես, այն հանգամանքը, որ նման արշավին միացել են Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնող անձը, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներ, անհրաժեշտ է դարձնում այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշման բացահայտ արտահայտումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե վճռականորեն մերժում են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները միտումնավոր խեղաթյուրելու, «այդ կապերին, իբր, բացառիկ բնույթ վերագրելու» և դրա հիման վրա Ադրբեջանի դեմ քաղաքական մեղադրանքներ առաջադրելու փորձերը։ Ադրբեջանն Իսրայելի հետ պահպանում է բնականոն միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և փոխադարձ շահերի վրա։

Ըստ հայտարարության՝ Պաղեստինի հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հետևողական է, հստակ և սկզբունքային։ Բաքուն միշտ աջակցել է պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքներին, Պաղեստինին ցուցաբերել ֆինանսական և մարդասիրական օգնություն։ Գազայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը նույնպես հիմնված է մարդասիրական արժեքների, քաղաքացիական բնակչության պաշտպանության և միջազգային իրավունքի վրա, ասվում է հայտարարությունում։

Նշվում է, թե Ադրբեջանի հարաբերություններն իսլամական աշխարհի հետ պայմանավորված են ոչ թե քաղաքական կոնյունկտուրայով, այլ փոխադարձ հարգանքի, հավասարության և համերաշխության սկզբունքներով։ Հայտարարության համաձայն՝ իսլամական աշխարհի ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը թելադրելու մյուս մահմեդական ժողովուրդներին, միջամտելու նրանց ներքին գործերին կամ իրեն մյուսներից վեր դասելու։

«Լուրջ ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հանդես են գալիս պոպուլիստական և անպատասխանատու հայտարարություններով՝ հաշվի չառնելով հարցի էությունը, Ադրբեջանի սահմանադրական կարգը և մեր երկրում դավանանքի ազատության իրավական հիմքերը։ Նման հայտարարությունները հակասում են ադրբեջանա-թուրքական եղբայրական հարաբերությունների ոգուն և կարող են նպաստել հասարակության մեջ արհեստական լարվածության առաջացմանը»,- ասվում է Ալիևի ղեկավարած կուսակցության հայտարարության մեջ։

Նշվում է, թե կրթության ոլորտում կիրառվող կանոնները հիմնված են հավասարության, աշխարհիկության, օրենքի գերակայության և բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ապահովման սկզբունքների վրա։

«Սահմանադրության համաձայն՝ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է։ Այս սկզբունքն ամրագրված է նաև Թուրքիայի Սահմանադրությամբ։ Հետևաբար, Ադրբեջանի աշխարհիկ պետական կարգը և կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելն անընդունելի է։ Թուրքիայում կրոնական և աշխարհիկ արժեքների շուրջ ծավալվող քաղաքական քննարկումները խորացնում են հասարակության բևեռացումը։ Մենք կարծում ենք, որ գլխաշոր կրելու նման զգայուն հարցերի օգտագործումը որպես քաղաքական մանիպուլյացիայի և պառակտման գործիք չի ծառայում ո՛չ թուրք ժողովրդի միասնությանը, ո՛չ էլ ընդհանրապես մահմեդական աշխարհի համերաշխությանը։ Նման հարցերն Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման գործիք դարձնելը հատկապես անթույլատրելի է։ Կոչ ենք անում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)՝ զերծ մնալ այս ապակառուցողական քաղաքականությունից։ Որոշ տեղեկատվական հարթակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձի հասցեին տարածվող վիրավորական, զրպարտչական և վարկաբեկիչ արտահայտությունները նույնպես արդարացի վրդովմունք են առաջացնում ադրբեջանական հասարակության շրջանում»,- ասվում է Ալիևի ղեկավարած ուժի հայտարարության մեջ։

Նշվում է, թե «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հոգևոր և քաղաքական հիմքն է, սակայն չի կարելի թույլ տալ այս պատմական արտահայտության էության խեղաթյուրումը։

«Խոսքը հենց մեկ ազգի և երկու անկախ պետությունների մասին է։ Այս սկզբունքը ոչ մի դեպքում հիմք չի տալիս մի պետության՝ մյուսի ներքին գործերին միջամտելու կամ նրան սեփական քաղաքական ու գաղափարական մոտեցումները պարտադրելու համար։ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կարծում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, հատկապես՝ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, իրենց հայտարարություններում պետք է դրսևորեն քաղաքական պատասխանատվություն և հարգեն Ադրբեջանի  ինքնիշխանությունը, սահմանադրական կարգն ու ներքին գործերը։ Հույս ենք հայտնում, որ Թուրքիայի համապատասխան քաղաքական շրջանակները ճիշտ հետևություններ կանեն նման անպատասխանատու հայտարարություններից և զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել ադրբեջանա-թուրքական հարաբերություններին»,- նշվում է հայտարարության մեջ։

Factor TV-ին ավելի վաղ ներկայացրել էր, որ Թուրքիայի իշխանական շրջանակները, այդ թվում՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը Բաքվի կողմից դպրոցներում հիջաբի արգելքի որոշումն անընդունելի էին անվանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի