Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
Հասարակություն
13.10.2026 | 13:34
Երևանի հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն կտրվի նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձանց։ Երևանի ավագանու նիստում համապատասխան նախագիծը ներկայացրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ ավագանու որոշմամբ հաշմանդամություն ունեցող երեխաների համար արդեն իսկ սահմանված է հանրային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք։ Սակայն, հաշվի առնելով, որ նրանք ինքնուրույն տեղաշարժվելու դժվարություններ ունեն և մշտապես ուղեկցողի կարիք են զգում, ինչպես նաև ընդառաջ գնալով քաղաքացիների՝ քաղաքապետին ուղղված դիմումներին, առաջարկվում է արտոնությունը տարածել նաև ուղեկցողի վրա։
Սուրեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ նախագծում առկա է կարևոր առանձնահատկություն․ արտոնությունը չի կցվելու կոնկրետ մեկ անձի, օրինակ՝ միայն ծնողներից մեկին։
«Տվյալ պահին երեխային ուղեկցող ցանկացած անձ՝ անկախ բարեկամական կամ այլ կապից, հնարավորություն կունենա երթևեկել անվճար և ազատված կլինի ուղեվարձը վճարելու պարտականությունից»,- ընդգծեց փոխքաղաքապետը։
Անի Թամրազյան

