ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
Քաղաքականություն
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը հայտարարել է, որ «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերին, որոնց հետևանքով հազարավոր դեռահասներ ձերբակալվել են, իսկ մի քանիսը՝ լուրջ վնասվածքներ ստացել, գրում է Le Monde-ը:
Ավելի քան մեկ շաբաթ աշակերտները փակել են հարյուրավոր ավագ դպրոցների մուտքերը՝ բողոքելով ուսուցիչների բացակայությունից, գերծանրաբեռնված դասացուցակներից և անմխիթար վիճակում գտնվող դասասենյակներից։ Այնուամենայնիվ, ուրբաթ դպրոցների մեծ մասը բաց է եղել։
Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները կիրառել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Իրավապաշտպան կազմակերպություններն ու դպրոցականները ոստիկանությանը մեղադրում են ուժի անհամաչափ կիրառման մեջ։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների և ավագ դպրոցների շրջափակումների հետ կապված միջադեպերին, որոնցից մի քանիսն ուղեկցվել են բռնությամբ։ Մենք կոչ ենք անում բոլորին ապահովել, որպեսզի այդ ակցիաները մնան խաղաղ բնույթի, և որպեսզի իրավապահ մարմինների կողմից ուժի անհամաչափ կիրառում թույլ չտրվի»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Շաբիա Մանտուն։
Նա հավելել է, որ խաղաղ հավաքների իրավունքը «պետք է հարգվի»։ Երկուշաբթի 15-ամյա մի դեռահաս կորցրել էր ձեռքը ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով, և կառավարությունը կասեցրել է այդ զինատեսակի կիրառումը։
Ֆրանսիայի Արդարադատության նախարարության՝ բողոքի ցույցերի հետ կապված բռնությունների վերաբերյալ դատական զեկույցի համաձայն՝ սեպտեմբերի կեսերին ավագ դպրոցների աշակերտների բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր ոստիկանություն է տարվել ավելի քան 6800 մարդ, որոնց 86 տոկոսն անչափահասներ են։
Զեկույցի համաձայն՝ ներկայում 2376 անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանց 65 տոկոսը կանգնել է դատարանի առաջ։ Նախարարության տվյալներով՝ որպես խափանման միջոց կալանք է նշանակվել 21 անձի նկատմամբ, այդ թվում՝ 15 չափահասի և 6 անչափահասի։ Կրթության նախարարության տվյալներով՝ համազգային բողոքի ցույցերի պատճառով երկրում շարունակում է փակ մնալ շուրջ 141 ավագ դպրոց։ Դա երկրի 3700 ավագ դպրոցների 4 տոկոսից էլ պակաս է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

