Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.10.2026 | 17:42Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանային տրանսպորտային կապերի և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին։
Վարչապետը հայտնեց, որ Երասխի հատվածում արդեն մրցույթ է հայտարարվել երկաթուղու վերականգնման նպատակով։ Նա նաև հիշեցրեց, որ ամիսներ առաջ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները համատեղ տեղատեսություն են իրականացրել այդ հատվածում։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար առանցքային նպատակներից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով երկաթուղային կապի ապահովումը Սյունիքի մարզի, Մեղրիի և Կապանի հետ․
«Մեզ հետաքրքիր է, որ մենք Ադրբեջանի տարածքով, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով դեպի Սյունիքի մարզ ունենանք հաղորդակցություն․․․ Սա կարևոր է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության տեսակետից»։
Անդրադառնալով պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցադրմանը՝ Հայաստան-ԱՄՆ միջպետական համաձայնագրի և տարածաշրջանային հաղորդակցությունների փոխադարձության վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և Նախիջևանի տարածքով Հայաստանի տարբեր մարզերի միջև տրանսպորտային կապերի ապահովումը տեղի է ունենալու զուգահեռաբար և փոխադարձաբար։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիրը վավերացվելու է Ադրբեջանի խորհրդարանում, վարչապետը նշեց․ «Ոչ, այդ համաձայնագիրը Ադրբեջանի խորհրդարանում չի վավերացվելու այն պարզ պատճառով, որ դա Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև համաձայնագիր է։ Այդպիսի նախադեպ մարդկության պատմության մեջ չի արձանագրվել»։
Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների բացումը զուգահեռաբար կապահովի նաև Նախիջևանով Հայաստանի ներպետական կապը Մեղրիի և այլ մարզերի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

