Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
Հասարակություն
07.10.2026 | 16:50
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտն արդեն 8 ամիս չի կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, համաձայն որի՝ պետք է հաշվարկեր և վճարեր դատավոր Կարինե Դավթյանի աշխատավարձի 60 %-ի չափով հավելումը։
Factor TV-ն այս խնդրին նախկինում անդրադարձել է մի քանի հրապարակումներով։ Դեպարտամենտի և դատավորի միջև վեճը ծագել է ավելի քան երկու տարի առաջ, իսկ խնդրի արմատները հասնում են 2021 թվական։
Ինչպես դատավորները հայտնվեցին ռեզերվում. օրենսդրական «փորձարկումներն» ու դրանց հետևանքները
2021-ին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններով ստեղծվեց մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող մասնագիտացված դատավորների ինստիտուտը (ոչ մասնագիտական տերմինաբանությամբ՝ «կալանքի դատարան»): 2022 թվականի հունվարից համակարգը համալրվեց 16 նոր դատավորով, որոնց թվում էր նաև Կարինե Դավթյանը։
Սակայն ընդամենը մեկ տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերին, օրենսդիրը կրկին փոխեց խաղի կանոնները՝ վերացնելով առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտը։ Քանի որ Սահմանադրությամբ և օրենքներով դատավորն անփոփոխելի է և պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը, պետությունը չէր կարող ուղղակի ազատվել այդ դատավորներից։ 16 դատավորից միայն մեկը ներկայացրեց հրաժարականի դիմում, մեկի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում (լիազորությունները կասեցվեցին), իսկ մնացած 14 դատավորները 2023 թվականի սկզբին ստացան «ռեզերվային դատավորի» կարգավիճակ։ Ռեզերվում գտնվելու ընթացքում նրանք շարունակում էին ստանալ պաշտոնային դրույքաչափով աշխատավարձ, թեև, փաստացի, գործեր չէին քննում։ Որոշ ժամանակ անց ռեզերվային 14 դատավորներից 6-ը պաշտոններ ստացան տարբեր դատարաններում, իսկ 8 դատավոր ավելի քան մեկ տարի մնաց հարկադիր պարապուրդում։
«Հավասար ծանրաբեռնվածություն՝ անհավասար վարձատրությամբ». ինչպես զրկվեցին 60% հավելավճարից
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան օրենսդրական նոր փոփոխություններ, որոնցով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար սահմանվեց պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով ամսական հավելում։ Այսպիսով՝
- Առաջին ատյանի դատավորի բազային աշխատավարձը կազմում էր 832,000 ՀՀ դրամ (83,200 ՀՀ դրամ բազային չափ x 10 գործակից)։
- 60 տոկոսի չափով հավելումը կազմում էր շուրջ 499,200 ՀՀ դրամ ամեն ամիս՝ չհաշված աշխատանքային ստաժի հավելավճարները։
Արդեն մեկ տարի հարկադիր պարապուրդում գտնվող ռեզերվային դատավորներին Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրեց և առաջարկեց գործուղվել ՀՀ տարբեր մարզերի առաջին ատյանի դատարաններ՝ աշխատելու մյուս դատավորներին հավասար ծանրաբեռնվածությամբ։ Սակայն առաջադրվեց խտրական պայման. նրանք պետք է ստանային իրենց նախկին աշխատավարձը՝ առանց 60% հավելման։ Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ գործուղումից հրաժարվելու դեպքում ռեզերվային դատավորների լիազորությունները կդադարեցվեին, ինչի հետևանքով նրանք ստիպված եղան համաձայնել անհավասար պայմաններով գործուղմանը։ Հետագայում գործուղված դատավորները վերանշանակվեցին դատավորի պաշտոնում ու նրանք ևս սկսեցին ստանալ 60 % հավելումները, սակայն մինչ այդ նրանք պակաս վճարվեցին 1․5-ից մինչև 4․5 միլիոն դրամ գումար՝ կախված այն հանգամանքից, թե յուրաքանչյուրը որքան ժամանակ աշխատեց գործուղված կարգավիճակով։
Դատավոր Կարինե Դավթյանը 2024 թ. հունվարի 23-ից գործուղվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և այն բանից հետո, երբ դեպարտամենտը հրաժարվեց նրան տրամադրել աշխատավարձի 60%-ի չափով հավելումը, նա դիմեց վարչական դատարան։ Դատավորի ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյանը պնդեց․ նույն ատյանում նույն ծանրաբեռնվածությամբ աշխատող անձանց տարբերակված վարձատրություն տրամադրելն ուղղակիորեն խախտում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքները՝ համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալու և խտրականության բացառման պահանջը։ Վարչական դատարանը 2024-ին հայցադիմումը բավարարեց, որը 2026-ի փետրվարին մտավ ուժի մեջ։
Ստացվում է՝ արդեն 8 ամիս է՝ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, համաձայն որի՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը պետք է հաշվարկի և դատավոր Կարինե Դավթյանին վճարի օրենքով նրան հասանելիք գումարի չվճարված մասը, ինչը չի արել։
Դատական դեպարտամենտ ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ինչո՞ւ մինչև այժմ դատավորին չեն վճարել։ Ի պատասխան մեր գրավոր հարցման Դեպարտամենտից հայտնել են, որ դատական ակտի կատարումն ընթացքի մեջ է։
Նշենք, որ մեր տեղեկություններով այս հարցով ԲԴԽ-ում մի քանի անգամ նիստ է նշանակվել, դատավորը մի անգամ դիմել է Դեպարտամենտին՝ դատական ակտը կատարելու հարցով, սակայն հարցը լուծում չի ստացել։
Դատավորի ներկայացուցիչը պահանջել է աստրենտ կիրառել
Դատական դեպարտամենտի կողմից տևական ժամանակ դատարանի դատական ակտը չկատարելուց հետո դատավորի ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյանը ներկայացրել է աստրենտի դիմում։ Աստրենտը նպատակ է հետապնդում տնտեսական ներգործության միջոցով խթանել պարտապանին՝ օր առաջ կատարելու պարտավորությունը: Ռոբերտ Դավթյանը նշել է, որ բազմաթիվ դիմումներ է ներկայացվել Դատական դեպարտամենտին՝ վճիռը կատարելու մասին, սակայն այն չի կատարվել։ ՀՀ օրենսդրությամբ պարտապանին գործողության կատարման վարույթով դատական ակտի կատարմանը հարկադրելու արդյունավետ և միակ գործիքակազմն է որոշակի դրամական գումարի բռնագանձումը պարտապանից՝ հօգուտ դիմողի՝ դատական ակտի չկատարման յուրաքանչյուր օրվա համար: Ուստի, ըստ դիմողի, հաշվի առնելով պարտապան Դատական դեպարտամենտի կողմից դատական ակտի կատարումից անհիմն և տևական ժամանակով խուսափելու փաստը՝ անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ կիրառել աստրենտ:
Ներկայացված դիմումում Դատական իշխանության և Դատական դեպարտամենտի 2025 թվականի տարեսկզբի բյուջետային հատկացումը կազմել է 17,154,123,000 ՀՀ դրամ, իսկ տարվա ընթացքում Կառավարության որոշումներով հավելյալ հատկացվել է ևս 496,540,000 ՀՀ դրամ, որի նույնիսկ 2 տոկոս պահուստային գումարը կազմում է բավականին մեծ թիվ: Բացի այդ, նշված տարվա կատարողականը կազմել է 99,8 տոկոս, ինչի արդյունքում տարեվերջին պետական բյուջե է վերադարձվել շուրջ 29,3 միլիոն ՀՀ դրամ:
Սույն գործով դատական ակտի կատարման դեպքում Դատական դեպարտամենտը պետք է պահանջատիրոջը վճարի առնվազն 3,186,000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված լրացուցիչ աշխատավարձ, 10 ամիս դատավորի աշխատավարձի դրույքաչափի 60 տոկոսով: 3,186,000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198–րդ հոդվածով սահմանված տուժանք: Այս գումարին պետք է ավելանա նաև, նշված ժամանակահատվածի համար չօգտագործված օրերի արձակուրդային գումարը, աշխատավարձի չափով դատավորներին վճարվող միանվագ վճարման ենթակա գումարը, միջին օրական աշխատավարձի չափը և դրա սխալ հաշվարկման արդյունքում սխալ հաշվարկված և վճարված հղիության և ծննդաբերության արձակուրդի գումարները, հետագայում աշխատելու ժամանակահատվածում չվճարված լրացուցիչ 2 տոկոս հավելավճարը՝ ստաժի համար:
Այսպիսով, հարկավոր է կիրառել այնպիսի աստրենտ, որը կհակի պարտապանին իրականացնել որոշակի գործողություններ, որոնց արդյունքում միայն պահանջատերը ստիպված կլինի վճարել առնվազն 6,372,000 ՀՀ դրամ գումար:
Դիմումում պահանջատերը նշել է, որ գրեթե նույնանման գումար Դատական դեպարտամենտը ստիպված է լինելու վճարել առնվազն 6-8 դատավորների, քանի որ նույն հայցվորի կարգավիճակում են հայտնվել նաև նրանք և ստիպված աշխատել ցածր աշխատավարձով։ Այսինքն՝ վճռի կատարման արդյունքում Դատական դեպարտամենտը պետք է կայացնի այնպիսի որոշում, որի արդյունքում ստիպված է լինելու կրել մոտ 44,600,000 ՀՀ դրամ պարտավորություն:
Վերոգրյալի հիման վրա հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է նշանակել միանվագ 40,000,000 ՀՀ դրամ և հաջորդող կետանցի մեկ օրվա համար՝ 250,000 ՀՀ դրամ ավելանալու հնարավորությամբ:
2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը, սակայն, մերժել է աստրենտ նշանակելու դիմումը։ Դատարանը հիմնավորել է, որ .
- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.34-րդ հոդվածի և «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 117-րդ հոդվածի համաձայն՝ աստրենտ կարող է նշանակվել բացառապես ոչ դրամական պահանջները չկատարելու համար։
- Դատարանը արձանագրեց, որ պահանջի բնույթը որոշելիս նշանակություն չունի «պարտավորեցնել» կամ «հաշվարկել» եզրույթների գործածումը. կարևոր է պարտավորության վերջնական իրավական ու գույքային արդյունքը։
- Քանի որ 27.11.2024թ. վճռով սահմանված՝ «հաշվարկել» և «վճարել» գործողությունները փոխկապակցված են և հետապնդում են մեկ միասնական արդյունք՝ դրամական միջոցների փոխանցում, ապա պահանջն իր նյութաիրավական բնույթով դրամական է։ Ուստի՝ դրամական պահանջով աստրենտ կիրառվել չի կարող։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կբռնագանձի գումարը
Ի՞նչ է արել ԴԱՀԿ-ն: Քանի որ Դատական դեպարտամենտը կամովին չի կատարում օրինական ուժի մեջ մտած վճիռը, Վարչական դատարանի կողմից 02.06.2026թ. տրվել է կատարողական թերթ, որի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, կայացվել է նաև պարտավորեցման որոշում։
2026 թվականի հոկտեմբերի 2-ին ԴԱՀԿ-ն կայացրել է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշում։
Որոշմամբ սահմանվել են հետևյալ հարկադիր միջոցները.
- Արգելանք դնել պարտապան՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Դատական դեպարտամենտին պատկանող և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սպասարկվող դրամական միջոցների վրա՝ 3,318,400 ՀՀ դրամ գումարի չափով։
- Բռնագանձում տարածել Դատական դեպարտամենտի նշված դրամական միջոցների վրա՝ 3,318,400 ՀՀ դրամ չափով, ինչպես նաև բռնագանձել կատարողական գործողությունների կատարման վճար և կատարողական վճարի կայուն գումար՝ 132,400 ՀՀ դրամ չափով։
- Բռնագանձված գումարները փոխանցել ԴԱՀԿ դեպոզիտ հաշվեհամարին։
Արդյոք դատավորի վերաբերյալ որոշումը կարող է տարածվել նույն կարգավիճակում գտնվող այլ դատավորների նկատմամբ
Factor TV-ի տեղեկություններով՝ առնվազն երկու դատավոր՝ Արշակ Մաթևոսյանը և Վարդան Սուղյանը ևս դիմել են Դատական դեպարտամենտին ու հավելում պահանջել, սակայն Դեպարտամենտը հրաժարվել է տրամադրել հավելումը։
Փաստացի, ստացվում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ պետությունը սխալ է հաշվարկել գործուղված ռեզերվային դատավորների աշխատավարձերը, սակայն դեպարտամենտը չի պատրաստվում նրանց ևս վճարել որևէ գումար։
Ի պատասխան Factor TV-ի հարցման կառույցից հայտնել են, որ համանման պահանջով այլ դատական ակտերի վերաբերյալ տեղեկություն Դատական դեպարտամենտին հայտնի չէ, ուստի ռեզերվային մյուս դատավորներին պաշտոնական դրույքաչափի 60 %-ի չափով հավելում տրամադրելու հարց չի քննարկվել։
Արաքս Մամուլյան

