«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Հասարակություն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարում է, որ կառավարության՝ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրով 2027 թվականի համար նախատեսված է շուրջ 20 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում, մինչդեռ 2027 թվականի պետբյուջեի նախագծով գիտության հատկացումները 2026 թվականի բյուջեի համեմատ ավելանում են ընդամենը 1,5 մլրդ դրամով։
«Գիտուժ»-ի հայտարարությունը՝ ստորև․
«Կառավարության Գիտության ոլորտի զարգացման 2026–2030թթ. ռազմավարական ծրագիրը 2027թ. համար նախատեսում է մոտ 20 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում։ Մինչդեռ 2027թ. պետբյուջեի նախագծով գիտության հատկացումները 2026թ. ընդունված բյուջեի համեմատ ավելանում են ընդամենը 1,5 մլրդ դրամով։
Նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը։ Հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների և գիտական սարքավորումների համար հատկացումները մնում են անփոփոխ։ Վտանգված է նաև մի շարք գործող ծրագրերի ամբողջ տարվա ֆինանսավորումը։
«Գիտուժը» Ազգային ժողովին կոչ է անում ապահովել, որ 2027թ. պետական բյուջեում ներառվի գիտության ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված ֆինանսավորումը։ Կառավարությունից պահանջում ենք իրականացնել իր ընդունած ռազմավարական ծրագիրը՝ ֆինանսավորելով դրանով նախատեսված միջոցառումները»։

