Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Քաղաքականություն
07.10.2026 | 15:00
Ստոկհոլմում Նոբելյան կոմիտեն հայտարարել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրների անունները։ Դափնեկիրներ են դարձել Ֆրանսիայից և Ճապոնիայից գիտնականներ Անրի Կագանը և Կենձո Սոային։
«Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան 2026 թվականի քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը որոշել է շնորհել Անրի Բ. Կագանին և Կենձո Սոային՝ «ասիմետրիկ օրգանական սինթեզում ոչ գծային էֆեկտների և ավտոկատալիզի հայտնաբերման համար»,- ասվում է մրցանակաբաշխության X-ի միկրոբլոգում գրառման մեջ։
Որոշ մոլեկուլներ, օրինակ՝ ամինաթթուները, գոյություն ունեն երկու տարբերակով, որոնք միմյանց հայելային արտացոլումն են։ Սակայն կենդանի օրգանիզմներում առկա է այդ հայելային տարբերակներից միայն մեկը։ Թե ինչպես կարող էր առաջանալ նման քիմիական ասիմետրիա, երկար ժամանակ առեղծված էր քիմիկոսների համար, սակայն Կագանին և Սոային հաջողվել է լուծել այդ խնդիրը։
«Անրի Կագանը և Կենձո Սոային լուծել են ավելի քան մեկ դար գոյություն ունեցող քիմիական հանելուկը․ ինչպես կարող է ինքնաբերաբար առաջանալ հոմոխիրալությունը։ Նրանց մշակած քիմիական ռեակցիաները պարզապես ապշեցուցիչ են»,- հայտարարել է Քիմիայի բնագավառում Նոբելյան կոմիտեի նախագահ Հայներ Լինկեն։
2025 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել էին գիտնականներ Ռիչարդ Ռոբսոնը, Սուսումու Կիտագավան և Օմար Յաղին՝ «մետաղօրգանական կարկասային կառուցվածքների մշակման համար»։
Հավելենք, որ հոկտեմբերի 8-ին կհայտարարվի գրականության, իսկ հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիրը, որը 1968 թվականին հիմնադրել է Շվեդիայի պետական բանկը, հայտնի կդառնա հոկտեմբերի 12-ին։ 2026 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը յուրաքանչյուր անվանակարգում կազմում է 12 միլիոն կրոն (շուրջ 1,2 միլիոն դոլար)։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

