Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Քաղաքականություն
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II հրթիռների տեղական արտադրության և հավաքման հնարավորությունը։ Այս մասին հնդկական IDRW-ին հայտնել են հարցին ծանոթ աղբյուրները։ Եթե բանակցություններն ավարտվեն համաձայնագրով, դա կարող է էապես խորացնել Հնդկաստանի և Հայաստանի ռազմարդյունաբերական համագործակցությունը և օգնել Երևանին՝ ապահովելու զինամթերքի ավելի կայուն մատակարարումներ իր զարգացող հրետանային կարողությունների համար։
Հայաստանն արդեն իր զինված ուժերի սպառազինության մեջ ներառել է հնդկական արտադրության Pinaka Mk-II կառավարվող հրթիռներ, ինչպես նաև Pinaka Extended Range (ER) չկառավարվող հրթիռներ։ Սակայն դեռևս հստակ չէ, թե Pinaka-ի ո՞ր տարբերակը հիմք կհանդիսանա Հայաստանում հնարավոր տեղական արտադրության ծրագրի համար։
Տեղական արտադրության նախաձեռնությունը, ըստ աղբյուրի, առնվազն մասամբ պայմանավորված է ժամանակակից հրթիռահրետանային պատերազմի առանձնահատկություններով։ Pinaka-ի նման համակարգերը երկարատև ռազմական գործողությունների ընթացքում կարող են մեծ քանակությամբ զինամթերք սպառել։ Տեղական մակարդակով հավաքումն ու արտադրությունը կարող են հատկապես օգտակար լինել զինամթերքի պաշարների ապահովման և կրկնվող ներմուծումներից կախվածության նվազեցման տեսանկյունից։
Հնարավոր համաձայնագրի շրջանակում հնդկական պաշտպանական պետական ընկերությունը կամ հնդկական ռազմարդյունաբերական մեկ այլ կազմակերպություն կարող է Հայաստանին տրամադրել տեխնոլոգիական աջակցություն, արտադրական փորձագիտություն, արտադրության կազմակերպման աջակցություն և հայ մասնագետների ուսուցում։
Միաժամանակ, արտադրության մոդելը կարող է իրականացվել փուլերով։ Աղբյուրների համաձայն՝ սկզբնական փուլում Հայաստանը կարող է օգտագործել հնդկական ծագման բաղադրիչներ և նյութեր, իսկ հետագայում աստիճանաբար մեծացնել տեղական արտադրության մասնաբաժինը։ Բոլոր բաղադրիչների, հատկապես՝ տեխնոլոգիապես ավելի բարդ կառավարվող տարբերակի դեպքում, հայկական մատակարարներից ամբողջական ձեռքբերումը, ամենայն հավանականությամբ, անմիջապես հնարավոր չի լինի։
Այսպիսով, Pinaka Mk-II կառավարվող հրթիռի արտադրության տեղայնացումը կարող է իրականացվել մի քանի փուլով՝ ներառելով հավաքում, առանձին բաղադրիչների արտադրություն, փորձարկում և հետագայում տեղական արտադրության ավելի բարձր մակարդակի անցում։
Հաղորդվում է, որ քննարկումները դեռևս այն փուլում են, երբ արտադրության վերջնական մոդելը, հրթիռի կոնկրետ տարբերակը և տեխնոլոգիաների փոխանցման պայմանավորվածությունները որոշված չեն։ Վերջնական համաձայնության մասին չի հայտարարվել, իսկ Հայաստանում արտադրության ծավալը կախված կլինի երկու կողմերի միջև ընթացող բանակցություններից։ Եթե առաջարկը կյանքի կոչվի, Հայաստանը կարող է դառնալ Pinaka ընտանիքի արտասահմանյան կարևոր արտադրական գործընկերներից մեկը, ասվում է հնդկական պարբերականի հրապարակման մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

