Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Քաղաքականություն
02.10.2026 | 16:01
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին մտածել՝ արդյո՞ք կհաջողվի Եվրամիությունում վաճառել իր արտադրանքը, այդ թվում՝ կոնյակը։
«Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ո՞ւր ես շտապում։ Հստակ որոշիր՝ ո՞ւր են քո կոնյակը տանելու, ո՞ւր են քո բանջարեղենն ու մրգերը տանելու, ի՞նչ ծավալներով, կկարողանա՞ս, արդյոք, փոխարինել այն, ինչ այսօր մեզ մոտ ես վաճառում։ Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը․․․ իր կոնյակը վաճառելու տեղ չունի, բայց քոնը կգնի՝ լավ, գնա։ Ինչո՞ւ ես շտապում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում։ Պետք չէ շտապել դեն նետել այն ամենը, ինչ այսօր քեզ օգուտ է տալիս։ Պետք չէ դուրս գալ այս ընդհանուր շուկայից»,- հայտարարել է նա՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Բելառուսում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
ԵՄ Խորհուրդն ավելի վաղ միաձայն կողմ էր քվեարկել ժամանակավոր առևտրային արտոնություններին՝ ԵՄ շուկա հայկական արտահանման մուտքը հեշտացնելու և Ռուսաստանի սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

